Զարուհին չէր կարող չասել այն, ինչ ասաց

Զարուհի Փոստանջյանը չէր կարող Սերժ Սարգսյանի երեսին ԵԽԽՎ ամբիոնից չասել այն, ինչ ասաց։ Նա դրա համար ուներ մեկ էական պատճառ՝ Հայաստանի նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը իր պաշտոնավարման ընթացքում չի արձագանքել բացարձակապես ոչ մի խնդրի։ Հայաստանի նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը երբևէ պատասխան չի տվել իր պաշտոնավարման ընթացքում երկրում գրանցված բազմաթիվ ապօրինությունների համար։
Զարուհի Փոստանջյանը ոչ մի դատարանում, ոչ մի ամբիոնից չի կարողացել ապացուցել, որ Հայաստանում գողանում են քվեները, որ իշխանության գլխին քրեական հանցագործներ են, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ բացառապես բյուջեի հաշվին են հղփացել և այլն։ Հայաստանում չկա մի քաղաքացիական, իրավական կամ քաղաքական ինստիտուտ, որտեղ Զարուհի Փոստանջյանի և մյուս բոլոր ընդդիմադիրների խոսքը լումայի արժեք ունի։ Հայաստանում չկա մի պետական պաշտոնյա, որն ադեկվատ ձևով անդրադարձել է իր հասցեին հնչեցված բազում քրեական մեղադրանքներին։ Հայաստանում դատապարտվում են միայն այն անձինք, որոնք ընդդիմանում են իշխանություններին, կամ նրանք, ովքեր չեն կիսվել իշխանությունների հետ։ Զարուհի Փոստանջյանն իրավունք ունի առաջին իսկ առիթի դեպքում ստանալ իրեն հարմար որևէ հրատապ հարցի պատասխանը։ Այս դեպքում նա հարմար է գտել հենց կազինոյի վերաբերյալ հարցը, քանի որ այն միշտ օդում եղել է։
Ինչու՞ ԵԽԽՎ-ում։ Որովհետև այնտեղ է Զարուհի Փոստանջյանը առերեսվել Սերժ Սարգսյանին։ Եթե առերեսվեր այստեղ, այստեղ կտար այդ և բազմաթիվ այլ հարցեր, կստանար դրանց պատասխանը, որքան էլ դրանք պոպուլիստական ու անհեթեթ լինեին և բանը ԵԽԽՎ-ին չէր հասնի։ Հետևաբար, մեղադրել Զարուհի Փոստանջյանին, որ Հայաստանի կեղտոտ լվացքը, ավելին, ակնհայտ սուտը հանել է դուրս, անբարոյական է։ Նախ՝ Հայաստանի պարագայում սուտը հարաբերական հասկացություն է, քանզի ոտքի վրա, առկա փաստաթղթով անգամ չենք կարողանում հասնել նրան, որ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեն փաստը, որ օֆշորում գումարներ ունեն, որ Հայաստանի բյուջեն նրանց համար հնարավորություն է հատկապես սեփական բարեկեցությունն ապահովելու։ Եվրոպական որևէ երկրում փաստը, եթե նույնիսկ այն սուտ է, առիթ կդառնար, որպեսզի հիշյալ անձինք հրաժարական տային հետաքննությանը չխոչընդոտելու համար։ Իսկ Տիգրան Սարգսյանը հրաժարական չի տվել և հոխորտում է, որ մեր դատախազությունը կապացուցի իր անմեղությունը։ Հայաստանի պարագայում սուտը հարաբերական հասկացություն է, որովհետև առանձին վերցրած՝ ցանկացած ընտրակեղծարար առանց դեմքը թաքցնելու է կեղծել ընտրությունները, հայհոյել լրագրողներին և հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին, առևանգել, տարել Սևանի «Հարսնաքար» համալիր և մի քանի օր պահել նրանցից մեկին։ Սակայն ոչ մեկը չկարողացավ դա ապացուցել։
Սուտը հարաբերական հասկացություն է, որովհետև մարդը սեպտեմբերի 3-ին Պուտինի հետ հանդիպման ժամանակ Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունով անակնկալի է բերում նույնիսկ իր կուսակցության վերնախավին, ու Մոսկվայից վերադառնալուց հետո հայտարարում, որ դա երբեք էլ անակնկալ չի եղել։ Ու չի կարողանում վկայել Մաքսային միության օգտին ասված բարձրաստիճան որևէ հայ պաշտոնյայի մինչև սեպտեմբերի 3-ը ասած գոնե երեք բառ։ Զարուհի Փոստանջյանն իր հայտարարությունն արել է, ինչպես ասում են, մի անկյուն մղված, երբ արդեն քեզ հաշիվ չես տալիս, թե կուտակված հարցերից հատկապես որը կարելի է հնչեցնել։ Անձամբ ես կարծում եմ, որ Զարուհին իրեն հաշիվ է տվել։ Այո, հարցն առաջին հայացքից վերցված է «ՖԲ-ի պատից», բայց եթե Սերժ Սարգսյանը յոթ տարվա ընթացքում գոնե կես տարին մեկ անգամ հանդիպած լիներ լրագրողների հետ և առանց բարդույթների պատասխաներ բոլոր հարցերին, նման հարց նույնիսկ իր տան խոհանոցում չէր հնչի։
Այնպես որ, պետք չէ մեղադրել Զարուհի Փոստանջյանին։ Վերջինս պարզապես հարցը չհնչեցնելու այլընտրանք չի ունեցել։ Իր հարցով նա ծիծաղել է Սերժ Սարգսյանի փակ քաղաքական գործիչ երևալու հանգամանքի վրա։ Եվ հենց կազինոյի թեման կարող էր լինել փակ քաղաքական գործչին տրվելիք հարց։ Ինքնին հարցը ցույց է տալիս, թե ինչպես է Սերժ Սարգսյանն իրեն դրել անհարմար վիճակի մեջ։ Ոչ որպես խաղամոլ, այլ որպես Հայաստանի անխտիր բոլոր քաղաքացիներին արհամարհանքով վերաբերվող ղեկավար։ Զարուհին այդ արհամարանքը վերադարձրեց ի տես ամբողջ աշխարհի։
Մհեր Արշակյան










