Հայաստանի թողարկած $700 մլն ծավալով եվրաբոնդերից ստացված միջոցների մի մասը կուղղվի Ռուսաստանից 2009թ. ստացած $500 մլն վարկի մարմանը. այս մասին կառավարության հոկտեմբերի 3-ի նիստին հայտարարեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Ըստ նրա` վաղաժամկետ կմարվի ռուսական վարկը, որի մնացորդը և տոկոսավճարները միասին կազմում են $450 մլն:
Տեղաբաշխված միջոցներից 60 մլրդ դրամ կտրամադրվի Կենտրոնական բանկին 7 տարի ժամկետով և տարեկան 7% տոկոսադրույքով` փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկավորման համար:
Նախատեսվում է 3,9 մլրդ դրամը հատկացնել «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը` տնտեսվարողներին վարկավորելու համար, բացի այդ` 1,95 մլրդ դրամը կներդրվի «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության» կապիտալում մասնակցության համար:
Դավիթ Սարգսյանն ասաց, որ պետական պարտքի կառավարման նպատակով $25 մլրդ կուղղվի ներքին շուկայում պետական պարտատոմսերի հետգնմանը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել ներքին պարտքի տոկոսադրույքը: Անդրադառնալով տեղաբաշխված եվրապարտատոմսերին` Դավիթ Սարգսյանը ասաց, որ Հայաստանի եվրաբոնդերը ձեռք է բերել 152 ներդրող: Պարտատոմսերի 42%-ը ձեռք են բերել ԱՄՆ-ի ներդրողները, 23%-ը` Մեծ Բրիտանիայի, 17%-ը` կոնտինենտալ Եվրոպայի ներդրողները, մնացած մասը` այլ ներդրողներ:
Ֆինանսների նախարարի խոսքով` ներդրողների քանակը և աշխարհագրությունը ցույց է տալիս, որ տեղի է ունեցել դիվերսիֆիկացված տեղաբաշխում, և «Հայաստանը կախված չէ 1-2 ներդրողից»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով եվրապարտամոսերին, ասաց, որ որոշ ընդդիմախոսներ «փորձում են սևացնել պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը» և անհրաժեշտ համարեց դրանց հրապարակային պատասխանելը:
Ըստ նրա` Հայաստանը պետական պարտատոմսերը տեղաբաշխել է համաշխարհային ֆինանսական շուկայում ստեղծված լավագույն պահին, և դրանք տեղաբաշխվել են ամենալավ պայմաններով: Ըստ նրա` եվրոպարտատոմսերի տեղաբաշխման միջոցով հնարավորություն է ստեղծվել բարելավել վճարահաշվարկային վիճակը և կանխիկ հոսքերը: Տիգրան Սարգսյանը նշեց, որ պարտատոմսերի թողարկումը նաև բացառիկ հնարավորություն է մասնավոր հատվածի համար միջոցներ ներգրավել արտաքին շուկաներից ավելի ցածր տոկոսադրույքներով: Նրա խոսքով` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե մասնավոր հատվածը պարտատոմսերի միջոցով ցանկանար ֆինանսական միջոցներ ներգրավել միջազգային ֆինանսական շուկայից, դրանց տոկոսադրույքները մեկ տոկոսային կետով ավելի բարձր կլինեին, քան այն դեպքում, երբ արդեն տեղաբաշխվել են պետական պարտատոմսերը: Վարչապետը հավելեց, որ առաջիկա երկու տարիների ընթացքում մասնավոր հատվածի կողմից ավելի էժան տոկոսներով միջոցներ ներգրավելը կհանգեցնի նաև ներքին շուկայում տոկոսադրույքների նվազեցմանը:
Civilnet











