«Էյր Արմենիա» ավիաընկերությունը հոկտեմբերի 27-ից Երևանից ամենօրյա չվերթներ կիրականացնի դեպի Մոսկվա, իսկ նոյեմբերից` օրական արդեն երկու չվերթ: Ինչպես ՍիվիլՆեթին տեղեկացրին ընկերությունից, նոյեմբերից նախատեսվում են չվերթներ նաև մյուս ուղղություններով` դեպի Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Դոնի Ռոստով, Սոչի և Կրասնոդար:
2013թ. հուլիսին «Էյր Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը ՍիվիլՆեթին տեղեկացրել էր, որ ավիաընկերությունը նախատեսում է չվերթներ իրականացնել օգոստոսի վերջից: Ինչպես նշում են ընկերությունում, փոխադրումների հետաձգումը պայմանավորված էր օդանավի ձեռքբերմամբ: Ներկայում նախատեսվում է, որ չվերթները կիրականացնեն Boeing 737 տիպի ինքնաթիռով:
Ի դեպ` «Էյր Արմենիա»-ին չվերթներ իրականացնելու թույլտվություն է տրվել մեկ տարի ժամկետով:
Հունիսի 6-ին կառավարությունը հավանություն էր տվել «Հայաստանի օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգին»: Վերջինս ընդունվեց, երբ «Արմավիա» ավիաընկերությունը մարտի վերջին հայտարարեց թռիչքները դադարեցնելու ու սնանկացման գործընթաց նախաձեռնելու մասին։ Համաձայն այս փաստաթղթի՝ քաղավիացիայի օդուղիները բաժանվելու են երեք խմբի, հայտարարվելու են մրցույթներ, որոնց կարող են մասնակցել միայն հայկական ընկերություններ (Հայաստանում օդանավ շահագործելու լիցենզիա ունի տասնմեկ ընկերություն)։ Նախատեսվում է, որ թույլտվությունները կարող են տրվել մինչև հինգ տարի ժամկետով, որպեսզի արդարացված լինեն ավիաընկերությունների ներդրումները։ Ընդ որում՝ պետությունը չի պատրաստվում ավիաընկերությունների առջև որևէ պարտավորությունր ստանձնել՝ հետագայում հովանավորչական քաղաքականությունից խուսափելու համար։
«Էյր Արմենիան» ստեղծվել է 2003թ.: Ավիաընկերությունը մասնագիտացած է բեռնափոխադրումների ոլորտում: Տարբեր ուղղություններով չարթերային թռիչքներ է իրականացրել դեպի ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ասիա և Աֆրիկա:
Civilnet











