Երևանի կոնյակի գործարանը ավարտում է այս տարվա խաղողի մթերման աշխատանքներն Արարատյան դաշտավայրում: Ինչպես հաղորդում են Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունից, 2013թ. հոկտեմբերի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ Երևանի կոնյակի գործարանը մթերել է 33 298 տ խաղող:
Ընկերությունը Արարատի և Արմավիրի մարզերից արդեն մթերել է նախատեսված ծավալի 100%-ը: Այդուհանդերձ, ընդառաջելով ընկերության հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող գյուղացիներին, որոնք չեն հասցրել ժամանակին հանձնել իրենց պայմանագրով նախատեսված ծավալը կամ ունեն սահմանված ծավալներից ավել բերք, Երևանի կոնյակի գործարանը երկարացնում է մասնաճյուղերի աշխատանքը խաղողի ընդունման գծով: Մասնավորապես, ԵԿԳ Արմավիրի (Արմավիրի մարզ) և Այգավանի (Արարատի մարզ) մասնաճյուղերը բաց կլինեն խաղողագործների համար մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ:
ԵԿԳ Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ) մթերման աշխատանքները շարունակվում են: Հոկտեմբերի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ այստեղ մթերվել է ավելի քան 3,5 հազ. տ խաղող: Տավուշի մարզում ընկերությունը նախատեսում է մթերել շուրջ 4,5 հազ. տ խաղող: Մասնաճյուղը կշարունակի խաղողի մթերման իր պլանային աշխատանքը մինչև հոկտեմբերի 6-ը:
Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերումը մեկնարկել է սեպտեմբերի 9-ին: Այս տարի ընկերությունը նախատեսել է մթերել 35 հազ. տ խաղող, ինչը շուրջ 10 հազ. տ-ով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը: Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 145 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 135 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, անցյալ տարվա համապատասխանաբար 140 և 130 ՀՀ դրամի փոխարեն: Խաղողագործներին վճարումները կատարվում են երեք-չորս բանկային օրվա ընթացքում: Այս պահի դրությամբ փոխանցվել են մինչև հոկտեմբերի 1-ը մատակարարած բոլոր խաղողագործների գումարները, ինչը կազմում է մոտ 4,5 մլրդ դրամ (4 510 291 090 ՀՀ դրամ):
Civilnet











