Հանքարդյունաբերական «Զանգեզուր մայնինգ», «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունները 2013թ. կառավարությանը պետք վերադարձնեն Դ4,8 մլրդ ռուսական ծագում ունեցող միջոցներ։
Կառավարության թողարկած $700 մլն եվրաբոնդերի մոտ 10%-ը անուղղակի ճանապարհով կուղղվի պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Ներգրաված միջոցներից $450 մլն-ը կուղղվի ռուսական վարկի վաղաժամկետ մարմանը, իսկ ռուսական վարկի միջոցներով մասնավոր հատվածին տրամադրած վարկերի մարումներից ստացված գումարները այս տարի և 2014-ին կուղղվեն բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։
Կառավարությունը, այդ թվում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանից ներգրաված վարկը տեղաբաշխվել է մասնավոր ձեռնարկություններում՝ նաև առևտրային բանկերի միջոցով։ «Սա նշանակում է, որ արտաքին պարտքի սպասարկման մի մասն իրականացնելու է մասնավոր հատվածը»,- 2010թ. ապրիլին կառավարության նիստում հայտարարել էր Տիգրան Սարգսյանը։
Եվրաբոնդերի տեղաբաշխումից ներգրաված միջոցները ռուսական վարկի վաղաժամկետ մարմանը ուղղելով, կառավարությունը, փաստորեն, մասնավորի փոխարեն է մարում վարկը։ 2013թ. պետբյուջեից և 2014թ. բյուջեի նախագծից երևում է, որ մասնավոր հատվածի կողմից ռուսական վարկի մարումներից ստացված միջոցները կառավարությունը պարզապես ուղղելու է դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Սա նշանակում է, որ իրականում տեղի է ունենում դեֆիցիտի ֆինանսավորում եվրաբոնդերի միջոցով, թեև անուղղակի ճանապարհով։
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը սակայն համաձայն չէ նման պնդման հետ։ «Դեֆիցիտի ֆինանսավորման ավելացում չի նախատեսված, ինչ սահմանված է պետբյուջեով։ Որոշ համամասնություն է փոխվելու, պետական պարտատոմսերի թողարկումից ստացվելիք գումարների չափը մի փոքր կնվազեցվի և կավելանան եվրապարտատոմսերից ստացված գումարները»,- հոկտեմբերի 3-ին կառավարության նիստին հաջորդած ասուլիսին ասաց ֆինանսների նախարարը։
2009թ. կառավարությունը ռուսական վարկից հանքարդյունաբերական «Զանգեզուր մայնինգ», «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերություններին տրամադրել էր $44 մլն-ի բյուջետային վարկեր՝ 5 տարի մարման ժամկետով։ Բացի այդ, ռուսական վարկից միջոցներ տրամադրվել էին Կենտրոնական բանկին՝ բանկային համակարգի միջոցով տնտեսավարողներին վարկավորմանը։
Այս տարվա բյուջեի և 2014թ. պետբյուջեի նախագծից երևում է, որ այդ երեք հանքարդյունաբերական ընկերությունները 2013թ. կառավարությանը պետք վերադարձնեն Դ4,8 մլրդ, ամբողջ այդ գումարն ուղղվելու է պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Գալիք տարվա բյուջեի նախագծով այդ երեք ընկերություններից երկուսը (Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի վարկի մարման ժամկետն ավարտվում է 2013թ.) պետք է մարեն Դ3,6 մլրդ, այդ գումարը ևս կուղղվի դեֆիցիտի ֆինանսավորմանը։
Կառավարությունը ռուսական վարկի մի մասը նախորդ տարիներին տրամադրել էր Կենտրոնական բանկին՝ «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կարգավորման գրասենյակի կողմից տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին վարկավորմանը։ Այս տարի այդ ծրագրից նախատեսվում է ստանալ Դ10,5 մլրդ և այն ուղղել դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Նույն չափի գումար կստացվի 2014-ին, և կրկին կուղղվի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։
Մոտավոր հաշվարկով դեֆիցիտի ֆինանսավորմանը այս տարի կուղղվի ռուսական ծագում ունեցող Դ15,4 մլրդ կամ մոտ $38 մլն, գալիք տարի՝ Դ15 մլրդ կամ $35,6 մլն։ Դեֆիցիտի ֆինանսավորմանը այս և գալիք տարի փաստացի կուղղվի եվրաբոնդերի տեղաբաշխումից ստացված միջոցների շուրջ 10%-ը։
Civilnet











