Գլխավոր Լրահոս

Բանկերի միությունն ու «Օլիվեր գրուփը» համատեղ կվերլուծեն անշարժ գույքի շուկան

Բանկերի միությունն ու «Օլիվեր գրուփը» համատեղ կվերլուծեն անշարժ գույքի շուկան

Հայաստանի բանկերի միությունն այսուհետ անշարժ գույքի շուկայում իրավիճակի մանրամասն եռամսյակային վերլուծություններ կունենա։ Այս մասին Բանկերի միության և «Օլիվեր գրուփի» միջև համագործակցության հուշագրի ստորագրումից հետո հոկտեմբերի 4-ին հայտարարեց միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

Հայկական բանկերին կտրվեն ընկերության եռամսյակային վերլուծությունները։ «Այսօր բանկերը համագործակցում են անշարժ գույքի շուկայի բազմաթիվ գնահատողների հետ, և այս վերլուծությունները որպես հավելյալ տեղեկատվություն կլինեն»,- նշեց բանկերի միության նախագահը՝ հավելելով, թե Բանկերի միությունը իր հերթին ընկերությանը կտրամադրի անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես՝ հայկական բանկերի կողմից անշարժ գույքի իրացման, գրավադրման գները։

Ըստ «Օլիվեր գրուփի» տնօրեն Արա Ադուրյանի՝ այսօր ընկերությունն աշխատում է հայաստանյան առևտրային բանկերի 2/3-ի հետ. հուշագրի ստորագրումը էլ ավելի կխորացնի համագործակցությունը։ Բանկերին տրամադրվող վերլուծությունը հիմնված կլինի առաջարկի շուկայի տվյալների վրա։

ՍիվիլՆեթի հարցին, թե ինչպես կփակի տարին բանկային համակարգը, Սամվել Ճզմաչյանն ասաց, որ 2013-2014 թթ. լինելու են վերականգնման տարիներ։ Ըստ Ճզմաչյանի՝ բանկային համակարգում արձանագրված ցուցանիշները հնարավոր է եղել ապահովել շնորհիվ այն բանի, որ կառավարությունը և Կենտրոնական բանկը թույլ են տվել բանկերին երկարաձգել տնտեսվարողների վարկերի ժամկետները, եթե բանկը նրանց խնդիրները ժամանակավոր է գնահատել։ Արդյունքում, բանկերը կարողացել են ոչ միայն խուսափել դժվարություններից, այլև գումարներ աշխատել։

Վերջին տարիներին բանկային համակարգում տեղի է ունենում կապիտալի եկամտաբերության (ROE) և ակտիվների շահութաբերության (ROA) ցուցանիշների նվազում։ Չի բացառվում, որ այս միտումը ստիպի բանկերի օտարերկրյա բաժնետերերին հեռանալ հայկական շուկայից։ Ըստ Ճզմաչյանի՝ խնդիրը ժամանակավոր բնույթ ունի, իսկ ցուցանիշների նվազումը պայմանավորված է նրանով, որ կախված ընդհանուր տնտեսական վիճակից՝ բանկերը վերակառուցել են տնտեսավարողների վարկերը։

Բանկերի շահութաբերության վրա ազդել են նաև օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններից միջոցների ներգրավման նեղացող հնարավորությունները։ Բացի այդ, տեղի է ունեցել ավանդների տոկոսադրույքների աճ, մրցակցության աճը ոլորտում բերել է վարկերի տոկոսադրույքների նվազման։ Արդյունքում կրճատվել է ներգրավված և տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների սպրեդը։

ՆԿԱՐԻ ՀԵՏ

Բանկերի միության և «Օլիվեր գրուփի» միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, հոկտեմբերի 4, Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյան (ձախից), «Օլիվեր գրուփի» տնօրեն Արա Ադուրյան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում