Թուրքիայի զինվորականությունը Սիրիային սահմանակից Նուսայբին շրջանում սկսել է պատ կառուցել սահմանային ապօրինի հատումներն ու մաքսանենգությունը կանխելու համար, հաղորդում է Hurriyet Daily News-ը՝ հղում անելով Doğan գործակալությանը:
Ներկայում Նուսայբինում, որը սահմանակից է սիրիական Քամիշլիին, շինարարական աշխատանքներ են ընթանում: Նախատեսվում է, որ պատը կլինի երկու մետր բարձրության և փշալարերով պատված:
Թուրք պաշտոնյաները նաև աշխատում են տարածքը լուսավորությամբ ապահովելու ուղղությամբ՝ սահմանային վերահսկողությունը հեշտացնելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Սիրիայի հետ սահմանակից Ջիլվեգյոզուում 2.5-կիլոմետրանոց պատի կառուցման մասին: Թուրքիայի առևտրի և մաքսային հարցերով նախարար Հայաթի Յազըջին տեղեկացրել է, որ թուրքական զինված ուժերի հետ պատը կառուցելու վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել:
Ինչպես գրել է Hurriyet Daily News-ը, Թուրքիան պայքարում է ապօրինի սահմանահատումների և մաքսանենգության դեմ, որի մակարդակն աճել է Սիրիայում կոնֆլիկտի սկզբից ի վեր:
Civilnet











