Կան կոնկրետ ցուցանիշներ, որ ապահովել է այս կառավարությունը. դա արտագաղթն է` մոտ 300 հազ., տնտեսական ստագնացիան, գործազրկության աճը, աղքատության աճը, ներդրումների կրճատումը և պետության թուլացումը՝ ընդհանուր առմամբ. այսպիսի տեսակետ է հայտնել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը՝ հոկտեմբերի 7-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ: «Եվ մեկ կոմպոնենտ` Հայաստանի արտաքին պարտքը վերջին հինգ տարում 3-4 անգամ աճել է, և դա այն դեպքում, երբ համախառն ներքին արդյունքը նվազել է»,- ասել է Թևանյանը՝ հավելելով, թե Հայաստանի տնտեսությունը հիշեցնում է «թմրամոլի հիվանդ վիճակում գտնվելու պատկերը, երբ անընդհատ նորանոր դոզաներ են պետք»:
Հարցին՝ կառավարության առջև խնդիր է դրվել, որ տնտեսական աճը պետք է լինի նվազագույնը 7% և պետք է աշխատավարձերի բարձրացումը գերազանցի ինֆլյացիան և արդյոք ճիշտ է նման խնդիր դնելը, Թևանյանը պատասխանել է. «Նույնիսկ տնտեսագիտության տեսության մեջ այդպիսի հարցադրում չկա՝ կոնկրետ տոկոսներ աճի ապահովման առումով, իսկ պրակտիկ առումով՝ մենք, փաստորեն, նախ տեսնենք, որ այդ 7% աճի խնդիրը չի լուծվում: Եվ երկրորդ` այդ աճի տոկոսամանիայից պետք է խուսափել»:
Civilnet











