Գլխավոր Լրահոս

Ինչպիսի˜ թատրոն կառավարության նիստերի դահլիճում

Ինչպիսի˜ թատրոն կառավարության նիստերի դահլիճում

Կառավարությունը զինվորական հագուստ է հագել։ Սա վատ նշան է ոչ դերասանության առումով։ Այլ այն առումով, որ նախարարներից ոչ մեկն իրեն իր ոլորտի մասով հայրենիքի պաշտպան չի զգում, պիտի անպայման զինվորական հագուստ հագնի, որ այդպիսին երևա։ Վերջապես, փաստորեն հասկացել են, որ միայն զենքով կա «սեփական ժողովրդից փրկություն»։ Նրանք, ովքեր հետևում են միջազգային իրադարձություններին, նկատած կլինեն, որ միայն խիստ տոտալիտար երկրներում են չինովնիկները կրում զինվորական հագուստ։ Հյուսիսային Կորեան դրա բացառիկ օրինակն է։ Զինվորական հագուստը ոչ միայն պաշտպանության խորհրդանիշ է, այլև աշխատանք է, կրթություն և այլն։

Զինվորականներից ոչ մեկի մտքով չի անցնում, չէ՞, արևմտահայերեն խոսել մեր սփյուռքահայ բարեկամներին ինչ-որ հարցերում աջակցություն հայտնելու համար։ Զինվորականների մտքով չի անցնում, չէ՞, սպիտակ խալաթ հագնել ու գրոհել վիրահատարանները։ Նույնիսկ բանակում բժիշկն իր հագից չի հանում սպիտակ խալաթը, ինչո՞ւ է առողջապահության նախարարը կամուֆլյաժ հագել։ Ինչո՞ւ եք ցույց տալիս, թե իբր պաշտպանվածությունն է այս երկրի գլխավոր արժեքը։ Միգուցե յուրաքանչյուրդ մի-մի գեղարվեստական գիրք վերցնեիք ու սկսեիք ասենք՝ քննարկել դրանց գեղագիտական արժանիքները։ Միգուցե ի տես հասարակության, Թումանյան կարդայիք արտահերթ նիստին։

Արտահերթը հենց նրանով է արտահերթ, որ նույնքան արտահերթ պետք է լինեն ձեր գաղափարները, ոչ թե ձեր հագուստները։ Այդ ամբողջ կառավարությունից կամուֆլյաժ հագնելու իրավունք ուներ միայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, քանի որ մարտի 1-ին հենց նրա օգնությամբ է բանակը ներգրավվել ժողովրդի արյունը թափելու գործին։ Կամուֆլյաժ հագնելու այդ ակցիան կարող էր, իհարկե, «մենք բոլորս Հրանտ Դինք ենք» շարժման նշանակությամբ արվել, իբր մենք բոլորս զինվորականներ ենք, մենք բոլորս հայրենիքի պաշտպաններ ենք, մեր զենքը Հրանուշ Հակոբյանն է և այլն, բայց, ընկերներ, այդպիսի շարժումները ծնվում են սպառնալիքներից։

Երկրի նե՞րսն է ավելի վտանգված, թե՞ դուրսը։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե կառավարության բոլոր անդամները արտագաղթի դեմ բողոքելու առումով իբրև ակցիա վառեին իրենց ճանապարհորդական ճամպրուկները, ընդդեմ աղքատության դուրս գային և արտահերթ (այսինքն, բյուջեի առաքելությունից դուրս) փող բաժանեին բոլոր կարիքավորներին կամ վերցնեին իրենց ֆոտոխցիկներն ու գնային լուսանկարեին ճանապարհային երթևեկությունը խախտողներին ու լուսանկարներն էլ ուղարկեին խախտողների հասցեով։ Իսկ իրենք ընտրել են ամենաանշառ տարբերակը՝ կամուֆլյաժ են հագել։ Պարզ չէ՞, որ պատերազմ բռնկվելու դեպքում էդքանից միայն մեկն է ի պաշտոնե մասնակցելու կռվին։ Մնացածն ասելու են, թե իրենք հայրենիքին ծառայում են իրենց պորտֆելներով։ Ուրեմն, այս ի՞նչ թատրոն են նրանք բեմադրել կառավարության նիստերի դահլիճում։ Պատասխանը հստակ է՝ կառավարության ցանկացած քայլ թատրոն է, և սա այդ քայլերից ոչ մեկից չի տարբերվում որևէ բանով՝ հաշվել Բամբակաշատի կարկուտի վնասները առանց հետևանքների փոխհատուցման, նույնն է, ինչ կառավարության անդամների ցուցադրաբար հագած կամուֆլյաժը, ստեղծել հանձնաժողով տրանսպորտի գնի բարձրացման հիմնավորումները գտնելու համար, նույնն է, ինչ կառավարության անդամների ցուցադրաբար հագած կամուֆլյաժը, մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կանացի երկչոտ ահազանգը, թե Փակ շուկան ձևախեղվել է օրենքը շրջանցելով, նույնն է, ինչ կառավարության անդամների ցուցադրաբար հագած կամուֆլյաժը, այս տարվա հուլիսի 1-ին աշխատավարձեր բարձրացնելու մասին (հիշում եք, որ չբարձրացան) Սերժ Սարգսյանի հայտարարությունը նույնն է, ինչ կառավարության անդամների ցուցադրաբար հագած կամուֆլյաժը։ Ինչո՞ւ է նույնը, որովհետև կառավարության զենքը Հրանուշ Հակոբյանն է՝ ամենակենսունակը բոլոր նախագահների շրջապատում։ Հագնելով նույն կամուֆլյաժը, մեր կառավարությունը վերջապես խոստովանում է՝ չկա ուրիշ անելիք, քան կամուֆլյաժ հագնելը։ Էդ կամուֆլյաժի մեջ նրանց հավատարմությունն է միանգամայն անպտուղ, անասելիք թատրոնի, որտեղ դերասաններն էլ են իրենք, ծափահարողներն էլ։ Իսկ կռվողները սահմանին են։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում