Գալիք տարվա հուլիսի 1-ից նախատեսվող աշխատավարձերի բարձրացումից հետո նախագահը տասն անգամ ավելի կստանա, քան կրտսեր մասնագետը։
2014թ. հուլիսի 1-ից նախագահի աշխատավարձը կաճի երեք անգամ, պետական համակարգի կրտսեր մասնագետինը՝ 60%-ով։ Բացի այդ, նախագահը տասն անգամ ավելի կստանա, քան կրտսեր մասնագետը։
Պետական համակարգում աշխատավարձերի բարձրացմանը ուղղված՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծից երևում է, որ գալիք տարվա հուլիսի 1-ից նախատեսվող աշխատավարձերի բարձրացումից ամենից շատ շահելու են բարձրաստիճան պաշտոնյաները։
Այսպես, եթե ԱԺ-ն ընդունի կառավարության կողմից մշակված օրենքի նախագիծը, ապա նախագահի աշխատավարձը 2014թ. հուլիսի 1-ից կկազմի 1,32 մլն դրամ (պաշտոնի դրույքաչափ՝ 20 և բազային պաշտոնային դրույքաչափ 66,14 դրամ)՝ ներկայիս 436,5 հազ. դրամի փոխարեն։ Նախագահի աշխատավարձը փաստացի կբարձրանա 3 անգամ, հարկերը հանած՝ 3,3 անգամ։
ԱԺ նախագահի, վարչապետի աշխատավարձերը հուլիսի 1-ից կբարձրանան 3,2 անգամ՝ մինչև 1,19 մլն դրամ (հարկերը ներառյալ)։ Նախարարների և պատգամավորների աշխատավարձերը կավելանան 2,4 անգամ և կկազմեն 794 հազ. դրամ։
Մյուս կողմից՝ պետական համակարգում աշխատող կրտսեր պաշտոն զբաղեցնողի (3-րդ ենթախմբում ընդգրկվածի) աշխատավարձը կբարձրանա 68%-ով և կկազմի 111 հազ. դրամ, առաջատար մասնագետի աշխատավարձերը կբարձրանան միջինը 70%-ով՝ կազմելով 170 հազ. դրամ, գլխավոր մասնագետինը՝ 90%-ով՝ կազմելով 291 հազ. դրամ։
Աշխատավարձերի բարձրացման չափի մեծությունը կախված է աշխատակցի զբաղեցրած պաշտոնի աստիճանից։ Սա էլ ավելի ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ օրենքի նախագծի հիմնավորման մեջ կառավարությունը պետական պաշտոն զբաղեցնողների աշխատավարձերի աստիճանական բարձրացումը համարել է որպես կարևորագույն նախապայման երկրում իրականացվող բարեփոխումների և հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման արդյունավետության բարձրացման առումով։
Թեև նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 28-ին հայտարարել էր, որ պետական համակարգում աշխատավարձերի բարձրացումը տեղի կունենա հունվարի 1-ից, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը հոկտեմբերի 2-ին Ազգային Ժողովում խոսեց փուլային բարձրացման մասին. հունվարի 1-ից կբարձրանան ուժային կառույցների աշխատավարձերը, հուլիսի 1-ից՝ պետական ամբողջ համակարգի աշխատավարձերը։
Կառավարության կողմից ԱԺ ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթը դեռևս չի ընդգրկվել ԱԺ-ի օրակարգում, այն դեպքում երբ «ՀՀ-ի 2014 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն արդեն իսկ օրակարգում է։ Առանց համապատասխան օրենսդրական փոփոխությունների ուժային կառույցներում աշխատավարձերի բարձրացում հնարավոր չէ։
Եթե անգամ օրենսդրական փոփոխություններն ընդգրկվեն օրակարգում և մինչև 2013թ. վերջ ընդունվեն ԱԺ-ի կողմից, դրանք ուժի մեջ են մտնելու 2014թ. հուլիսի 1-ից։ Ընդ որում, ուժային կառույցների աշխատակիցների վարձատրությունը ևս կարգավորվելու է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, որը կառավարության առաջարկով ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից։
Civilnet











