Այս հունվար-օգոստոսին բյուջեն փաստացի կատարվել է 62,3 մլրդ դրամ հավելուրդով՝ իննամսյա ծրագրով նախատեսված 12,4 մլրդ դրամի դիմաց։
Գործադրի որդեգրած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպողական ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա. ութ ամիսների կտրվածքով բյուջեն կրկին հավելուրդով է կատարվել։ 2013թ. բյուջեն իր բնույթով արդեն իսկ զսպողական է ծրագրվել, քանի որ կառավարությունը նախատեսել է ընդամենը 2,64%-ի պակասուրդ։
Այս տարվա ութ ամիսներին կառավարությունն էլ ավելի զսպողական է գտնվել, ինչի մասին վկայում է ֆինանսների նախարարության պետական բյուջեի կատարման ամսական հաշվետվությունը։ Ըստ ֆիննախի՝ հունվար-օգոստոսին պետբյուջեի եկամուտները կազմել են 696,3 մլրդ դրամ, ծախսերը՝ 634 մլրդ դրամ, համապատասխանաբար 88,4%-ով և 81,8%-ով ապահովելով կառավարության իննամսյա ծրագրի կատարումը։
Հաշվետու ժամանակահատվածում բյուջեն փաստացի կատարվել է 62,3 մլրդ դրամ հավելուրդով (առանց արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերը հաշվի առնելու)՝ իննամսյա ծրագրով նախատեսված 12,4 մլրդ դրամի դիմաց։
Ֆինանսների նախարարությունը նշել է, որ ապահովել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը, սակայն անհասկանալի է, թե ինչու պետական կառույցները չեն ծախսել հատկացված միջոցները։
Բյուջետային միջոցներից մոտ 50 մլրդ դրամ «խնայելը» նշանակում է, որ կառավարությունը տնտեսությունից հարկերի տեսքով ներգրաված միջոցները չի վերաուղղել տնտեսություն։ Որպես հետևանք՝ տեղի է ունեցել պահանջարկի կրճատում և տնտեսական աճի դանդաղում։
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտների 94,3%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին։ 2013թ. հունվար-օգոստոսին պետբյուջե են մուտքագրվել 657 մլրդ դրամի հարկային եկամուտներ, որոնք կազմել են իննամսյա ծրագրի 88,3%-ը (727,6 մլրդ դրամ)։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն աճել են 18,7%-ով կամ 103,5 մլրդ դրամով։
Նշենք, որ այս տարի հարկային եկամուտների ծավալը 2012թ. համեմատ պետք է ավելանա ընդհանուր առմամբ Դ116 մլրդ-ով։ Ութ ամիսներին փաստացի հավաքագրվել է տարեկան հավելյալ հարկային եկամուտների 90%-ը, ինչն արդեն իսկ բացասական ազդեցություն է թողել տնտեսվարողների ֆինանսական վիճակի վրա։
Ընդհանուր տնտեսական ցուցանիշների հետ առանձին հարկատեսակների ծավալների համեմատությունը ցույց է տալիս, որ հարկերի մի մասը հավաքագրվել է կանխավճարների և գերավճարների միջոցով։
Այսպես. այս տարվա ութ ամիսներին առևտրաշրջանառության 2,5% աճի և 9,3% գնաճի պայմաններում ԱԱՀ-ի հավաքագրման ծավալներն աճել են 17,1%-ով (38,9 մլրդ դրամով) և կազմել 266,1 մլրդ։ Ներմուծման 0,8% աճի պայմաններում մաքսատուրքի գծով մուտքերն ավելացել են 24,9%-ով՝ կազմելով 33 մլրդ դրամ։
Civilnet











