Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հերքում է տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին պատ է կառուցում, չնայած՝ սահմանակից քաղաքի քաղաքապետն ու ականատեսները պնդում են, որ շինարարական աշխատանքներն այդ նպատակով են սկսվել, հաղորդում է Today’s Zaman-ը:
Անկարայում հոկտեմբերի 8-ին սիրիացի փախստականների թեմայով ելույթ ունենալիս Աթալայն ասել է, որ պատի կառուցման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ հավելելով, որ սահմանային անվտանգությունն ուժեղացնելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում:
Տեղացիներից մեկը Today's Zaman-ին պատմել է, որ զինվորները վերջին հինգ օրերին սահմանի մոտ փորման աշխատանքներ են տանում: Նուսայբինի քաղաքապետ Այշե Գյոքքանի խոսքով՝ զինվորներն արդեն փորել են 300 մ տարածք: Ականատեսների և քաղաքապետի՝ շինարարության համար պատասխանատու պաշտոնյաներից ստացված տեղեկության համաձայն՝ պատը լինելու է 1 կմ երկարության և 2,5 մետր բարձրության՝ պատված փշալարերով:
Ըստ Today’s Zaman-ի՝ լուրեր են շրջանառվում նաև Քիլիսի շրջանի Օնջուփինար սահմանային անցակետում՝ սիրիական Ազազ քաղաքից 10 կմ հեռավորության վրա, 2,5 կմ-անոց պատի կառուցման մասին:
Շուրջ 500 հազ. սիրիացի փախստականների պատսպարած Թուրքիան շարունակում է իր «բաց դռների» քաղաքականությունը: Այդուհանդերձ, ժամանակ առ ժամանակ նա փակում է սահմանը սիրիական սահմանին բախումների ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի զինվորականությունը Սիրիային սահմանակից Նուսայբին շրջանում սկսել է պատ կառուցել սահմանային ապօրինի հատումներն ու մաքսանենգությունը կանխելու համար:
Civilnet











