Գլխավոր Լրահոս

Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացումը դանդաղում է

Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացումը դանդաղում է

Չնայած հայտարարություններին, թե «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ համատեղ աշխատելու է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս տասը տարով՝ մինչև 2026թ. երկարացնելու նախագծի շուրջ, իրականում ռուսական կողմը վերջնական որոշում չի ընդունել։

Կառավարությունը չի շտապում ընդունել Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը (շահագործման վերջնաժամկետը՝ 2016թ.)։ Էկոնոմիկայի նախարարությունը մեկ ամսից ավելի է, ինչ ներկայացրել է ծրագրի նախագիծը. այն դեռ չի արժանացել գործադրի հավանությանը։

Կառավարությունը 2012թ. ապրիլին ընդունած «Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարացնելու մասին» որոշմամբ ամրագրել է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մինչև 2013թ. օգոստոսի 1-ը պետք է գնահատի Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը, իսկ մինչև սեպտեմբերի 1-ը՝ կառավարության հաստատմանը ներկայացնի համապատասխան ծրագիրը։

Նախարարությունը էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը ներկայացրել է։ Համենայնդեպս, հոկտեմբերի 10-ին նիստին ներկայացնելով 2013թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրների կատարողականները՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը նշեց, որ կատարման ենթակա թվով 31 կետերը հոկտեմբերի 9-ի դրությամբ կատարվել են ամբողջությամբ։ Իսկ գերատեսչությունների կողմից կատարման ենթակա գործողությունների ցանկում նաև «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պատրաստումն է։

Փաստացի, մեկ ամսից ավելի է, ինչ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակել է նախագիծը, բայց կառավարությունը չի շտապում ընդունել այն։ Նախագծի ընդունումը կարևոր այնքանով, որքանով այն կհաստատի, թե որքան միջոցներ են անհրաժեշտ շահագործման ժամկետը երկարացնելու համար՝ ըստ առանձին միջոցառումների։

Չի բացառվում, որ կառավարությունը չի շտապում ընդունել որոշումը, քանի դեռ հստակ պատկերացում չունի, թե ինչ միջոցներով է իրականացվելու շահագործման ժամկետի երկարացումը։

Որոշման ընդունման ձգձգումը ցույց է տալիս, որ թեև սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ համատեղ աշխատելու է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս տասը տարով՝ մինչև 2026թ. երկարացնելու նախագծի շուրջ, իրականում ռուսական կողմը վերջնական որոշում չի ընդունել։

Խնդիրն այն է, որ եթե իսկապես ռուսական կողմը պատրաստ է ֆինանսական մասնակցություն ունենալ Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման նախագծում, ապա կառավարությունը մեկ օր շուտ պետք է ապահովի այդ աշխատանքներն ապահովող իրավական ակտերի ընդունումը։

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիայի ժամկետը ավարտվում է 2016թ. սեպտեմբերին (շահագործման նախագծային ժամկետը՝ 30 տարի), ինչը նշանակում է որ շատ ժամանակ չի մնացել։ Էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքները պետք է իրականացվեն երկու փուլով՝ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման տեխնիկական հնարավորությունների գնահատում և շահագործման լրացուցիչ ժամկետին էներգաբլոկի նախապատրաստում։

Առաջին և երկրորդ փուլերի ընթացքում է պետք է իրականացվի էներգաբլոկի անվտանգության վերլուծության, տարրերի հետազոտում, մնացորդային ռեսուրսի գնահատում։ Այդ ամենից հետո են միայն հնարավոր էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումները, ռեսուրսը սպառած տարրերի փոխարինումը։

Մեծամորի ատոմակայանի տիպի ԱԷԿ-ների շահագործման ժամկետը հնարավոր է երկարացնել մինչև տասը տարի։ Այդ աշխատանքների համար պահանջվող ֆինանսական միջոցները կազմում են $100-150 մլն, աշխատանքների ժամկետը 2-3 տարի է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում