Գլխավոր Լրահոս

Վիլնյուսյան տպավորություններ

Վիլնյուսյան տպավորություններ

Հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում Լիտվայի դեսպանության օժանդակությամբ և այդ երկրի արտգործնախարարության հրավերով ուղևորվեցի մայրաքաղաք Վիլնյուս (Ռեպորտաժը դիտեք այստեղ): Լիտվան հետխորհրդային երկիր է, սակայն շատ քիչ բան կա այսօր, որը կարող է մարդուն հիշեցնել, որ այս պետությունը ընդամենը 25 տարի առաջ եղել է ամբողջատիրական Խորհրդային Միության կազմում: Այսօր Լիտվան ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության անդամ է, նախագահում է Եվրոպական Միությունում, բարեկեցիկ է և ժողովրդավար:

Լիտվան նախկին ԽՍՀՄ միութենական 15 հանրապետությունների մեջ առաջինն էր, որ անկախացավ ԽՍՀՄ-ից: Դա տեղի ունեցավ 1990-ի մարտին: Բալթյան երեք հանրապետությունների շարքում Լիտվան և՛ տարածքով, և՛ բնակչությամբ ամենից մեծն է: Լիտվան գտնվում է Բալթիկ ծովի ափին, ունի 65 000 քա. ռկմ տարածք և 3 միլիոնից ավելի բնակչություն: Ընդհանուր սահմաններ ունի Լատվիայի, Լեհաստանի, Բելառուսի և Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ: Բալթյան երեք հանրապետություններից Հայաստանը դեսպանություն ունի միայն Լիտվայում: Վիլնյուսում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը համատեղության կարգով դեսպան է հարևան Լատվիայում և Էստոնիայում:   

Այցը ծրագրվել էր դեռ օգոստոսին, երբ գրեթե բոլորը վստահ էին, որ Հայաստանը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Եվրոպական Միության հետ նախաստորագրելու է  Ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Սակայն սեպտեմբերի 3-ին անակնկալ այցով Մոսկվա կանչվեց Սերժ Սարգսյանը, հանդիպեց Վլադիմիր Պուտինին, ապա հայտարարեց, որ Հայաստանը ցանկություն ունի միանալ Ռուսաստանի կողմից ձևավորված Մաքսային Միությանը և ապագայում ստեղծվելիք Եվրասիական Միությանը:

Հայաստանի այդ քայլը Եվրոպական Միության, այդ թվում՝ Լիտվայի համար, մեծ անակնկալ էր, քանի որ Երևանը շուրջ երեքուկես տարի բանակցել էր ավելի քան 1000- էջանոց փաստաթուղթ, բանակցությունները հասցրել տրամաբանական ավարտի: Եվրոպացիների մոտ որևէ կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի մեծ ճնշումների արդյունքում է ցանկություն հայտնել հրաժարվել եվրոպական ուղուց և մաս կազմել Մաքսային Միությանը, որին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը:

Վիլնյուսում գտնվելու երեք օրերի ընթացքում ես ունեցա բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդարական Յովիտա Նելիուպշիենեի, վարչապետի խորհրդական Աուդրիուս Բրուզգայի, փոխարտգործնախարար Անդրիուս Կրիվասի և խորհրդարանի փոխնախագահ Պետրաս Աուշտրեվիչուսի հետ:

Զրուցակիցներս շատ հստակ նշում էին, որ Հայաստանի հետ Վիլնյուսի գագաթաժողովում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի: Հայաստանի ղեկավարությունը ձգտում է և փորձում հասնել նրան, որ ստորագրի գոնե Ասոցացման համաձայնագիրը, որը ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է: Ազատ առևտրի գոտու պայմանագիրը ստորագրելու մասին պետք է մոռանալ, քանի որ Հայաստանը ընտրել է Մաքսային Միությունը: Եվրոպացիները բազմիցս ասել են, որ հնարավոր չէ լինել Մաքսային Միության անդամ և միաժամանակ Եվրոպական Միության հետ ստորագրել Ազատ առևտրի գոտու պայմանագիր: Ազատ առևտրի գոտու պայմանագիր ստորագրելը Հայաստանի առաջ կբացեր Եվրոպայի 500-միլիոնանոց շուկան: Եվրոպական Միությունը այսօր Հայաստանի առևտրային թիվ մեկ գործընկերն է, Հայաստանի արտահանման համար եվրոպական շուկան ամենամեծն է՝ երկրի ողջ արտահանման 40 տոկոսը: 

Մաքսային միությանը անդամակցելով՝ Հայաստանը ստիպված է լինելու իր ներմուծման և արտահանման սակագները ներդաշնակեցնել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ներմուծման և արտահանման սակագների հետ: Թե ինչ է շահելու Հայաստանը Մաքսային միությանը անդամակցելուց, ցույց կտա միայն ժամանակը: Մեկ բան այսօր ակնհայտ է. Բելառուսը և Ղազախստանը Մաքսային Միությանը մաս կազմելուց հետո տնտեսական լուրջ վնասներ են կրում: Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական իմաստով շահողը Ռուսաստանն է:

Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդարական Յովիտա Նելիուպշիենեն նշեց, որ Եվրոպական Միությանը ինտեգրվելուց Հայաստանի հրաժարումը և Մաքսային միությանը միանալու ցանկությունը առաջին հերթին հիասթափություն է հայ ժողովրդի համար: Նա ափսոսանք հայտնեց նաև այն բանի համար, որ երեքուկես տարի Եվրոպական Միության հետ բանակցելուց հետո մեկ օրում Հայաստանը անսպասելի շրջադարձ կատարեց դեպի Մաքսային միություն:

Փոխարտգործնախարար Անդրիուս Կրիվասը նշեց, որ Հայաստանի ինքնիշխան որոշումն է միանալ այս կամ այն կառույցին: Սակայն նա համոզված է, որ Հայաստանի վրա ճնշումներ են բանեցվել, առաջին հերթին` Լեռնային Ղարաբաղի հարցում: Կրիվասը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի`սեպտեմբերի երեքին Մոսկվայում արված հայտարարությանը նախորդել էին ռուսական մեծաքանակ զենքի վաճառքը Ադրբեջանին և օգոստոսին Վլադիմիր Պուտինի ցուցադրական այցը Բաքու: Լիտվայի փոխարտգործնախարարի խոսքերով` այսօր Կրեմլը տնտեսական ուժեղ ճնշումներ է բանեցնում Մոլդովայի և Ուկրաինայի վրա, որպեսզի նրանք ևս Հայաստանի օրինակով հրաժարվեն Եվրոպական Միության հետ Վիլնյուսում փաստաթղթեր ստորագրելուց և Մաքսային միությանը միանալու ցանկություն հայտնեն:

Հայաստանի հասցեին առավել կոշտ արտահայտվեց Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Պետրաս Աուշտրեվիչուսը: Նա հատուկ շեշտեց, որ եվրոպական քաղաքականությունը ենթադրում է կանխատեսելիություն և թափանցիկություն, մինչդեռ Հայաստանի պահվածքը ավելի նման էր արևելյան ոճին: Նա հույս հայտնեց, որ  Հայաստանը այնուամենայինիվ չի միանա Մաքսային միությանը, մի կառույց, որը ոչ թե ապագա է, այլ՝ անցյալ:

Վիլնյուսում գտնվելու մի քանի օրերին այցելեցի այն վայրը, որտեղ նոյեմբերի 29-ին հավաքվելու են Եվրոպական Միության անդամ 28 երկրների ղեկավարներն ու Արևելյան գործընկերության նախաձեռնության մաս կազմող հետխորհրդային վեց հանրապետությունների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները: Սպասվում է, որ Ուկրաինան Եվրոպական Միության հետ կստորագրի, իսկ Վրաստանն ու Մոլդովան կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առևտրի գոտու պայմանագիրը:

Հայաստանի հետ Վիլնյուսում Եվրոպական Միությունը առանձին որևէ փաստաթուղթ ամենայն հավանականությամբ չի ստորագրի: Այնուամենայնիվ, սպասվում է, որ Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին: Չի բացառվում, որ Իլհամ Ալիևը ևս մասնակցի գագաթաժողովին: Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա այս երկրի համագործակցությունը Եվրոպական Միության հետ շատ ցածր մակարդակի վրա է: Բելառուսի ավտորիտար նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անցանկալի անձ է Եվրոպական Միության բոլոր 28 երկրներում: Նա ընդհանրապես չի հրավիրվի Վիլնյուս:  

Photo: wikimedia.org

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում