Գլխավոր Լրահոս

Բանկերի շահույթը կրճատվում է

Բանկերի շահույթը կրճատվում է

Բանկային համակարգում ցուցանիշների վատթարացման պատճառների թվում նաև այն է, որ բանկերը չեն կարողանում տեղաբաշխել ներգրաված միջոցները, իսկ նախկին վարկերի սպասարկման մասով ի հայտ են եկել խնդիրներ։

Անցած տարի բանկերի կողմից ակտիվ վարկավորման քաղաքականությունը (վարկային պորտֆելն աճել է 21,2%-ով), այս տարի տնտեսական աճի դանդաղումը և վարկավորման պայմանների խստացումը բացասաբար են անդրադարձել բանկերի արդյունավետության վրա։

Այս տարի բանկային համակարգում արձանագրվում է հիմնական ֆինանսական ցուցանիշների վատթարացում։ Այսպես, այս տարվա ութ ամիսներին բանկերի ընդհանուր շահույթը, ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության, կազմել է 22 մլրդ դրամ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 8,3%-ով։

Չբաշխված շահույթի մակարդակի նվազումը տեղի է ունեցել ութ ամիսների կտրվածքով հաշվեկշռային ընդհանուր կապիտալի (օգոստոսի վերջի դրությամբ 415,8 մլրդ դրամ) 5,6%-ով և ընդհանուր ակտիվների (2,6 տրլն դրամ) 7% աճի պայմաններում։

Այս ամենի արդյունքում ստացվել է, որ այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ բանկային համակարգում ROA (ակտիվների շահութաբերություն) կազմել է 0,8%, այն դեպքում, երբ 2012թ. օգոստոսին այն՝ 1,1% էր։ ROE-ն (կապիտալի եկամտաբերությունը) օգոստոսի վերջին կազմել է 5,3%՝ 2012թ. օգոստոսին արձանագրված 6,4%-ի դիմաց։

Մյուս կողմից թեև բանկային համակարգում ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցություն ցուցանիշն (օգոստոսի վերջին 16,4%) ավելի բարձր է քան ԿԲ-ի կողմից սահմանված նորմատիվը (12%), տեղի է ունեցել ցուցանիշի վատացում՝ 2012թ. օգոստոսի վերջին այն կազմում էր 17,1%։

Բանկային համակարգում ցուցանիշների վատթարացման պատճառների թվում նաև այն է, որ բանկերը չեն կարողանում տեղաբաշխել ներգրաված միջոցները, իսկ նախկին վարկերի սպասարկման մասով ի հայտ են եկել խնդիրներ։

Այսպես, ութ ամիսներին բանկային համակարգում ավանդների պորտֆելն աճել է 15,6%-ով կամ մոտ 190 մլրդ դրամով, իսկ վարկային պորտֆելն ավելացել է 90 մլրդ-ով կամ 6%-ով։ Պարզ ասած՝ բանկերը ներգրաված գումարների մի մասը «սառեցրել» են և տոկոսավճարները վճարել են սեփական միջոցների հաշվին։

Վարկային պորտֆելի համեստ աճը պայմանավորված է նաև նրանով, որ այս տարվա ութ ամիսներին տեղի է ունեցել տնտեսության սեղմում (գնողունակ պահանջարկի նվազում՝ պայմանավորված բարձր գնաճով, արտագաղթով), ինչի հետևանքով նվազել է նաև վարկերի պահանջարկը, իսկ առկա պահանջարկն, ըստ բանկերի ռիսկային է։

Բանկերն այս տարի վարկավորման ժամանակ շարունակել են խիստ գնահատել վարկունակությանը, պահանջել բարձր իրացվելի գրավի առարկա։ Հասկանալի է, որ խիստ պայմանների հետևանքով տնտեսվարողների համար դժվարանում է վարկային ռեսուրսների հասանելիությունը։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ վարկավորման խիստ պայմանների հետևանքով տնտեսվարողները դժվարությամբ են կարողանում օգտվել վարկային ռեսուրսներից, մյուս կողմից՝ բանկերում ավելանում է իրացվելիության մակարդակը և ավելցուկային միջոցները բացասաբար են ազդում բանկերի ֆինանսական վիճակի վրա։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում