ԱՊՊԱ ոլորտում վնասաբերության ցուցանիշը 2013թ. հունվար-օգոստոսին կազմել է մոտ 73%։
Հաշվետու ժամանակահատվածում ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարներում ԱՊՊԱ-ի մասնաբաժինը կազմել է 50,8%։ Այդուհանդերձ, ապահովագրության այս տեսակը ճնշել է ողջ պորտֆելի վրա։ Հունվար-օգոստոսին ապահովագրական հատուցումների 9,65 մլրդ դրամ ծավալում 6,8 մլրդ-ը կամ 70%-ը եղել է ԱՊՊԱ-ի գծով։
ԱՊՊԱ-ի սակագնի հաշվարկման հիմքում ի սկզբանե դրվել է վնասաբերության բարձր մակարդակ՝ 78%, ինչը նշանակում է, որ հավաքագրվող յուրաքանչյուր 100 դրամից ապահովագրական ընկերությունները 78-ը պետք է ուղղեն հատուցումների։ Ապահովագրական ընկերությունները բազմիցս նշել են, որ վնասաբերության կրիտիկական շեմը 70%-ն է։
Համաձայն Ավտոապահովագրողների բյուրոյի վիճակագրական տվյալների՝ ԱՊՊԱ ոլորտում վնասաբերության ցուցանիշը 2013թ. հունվար-օգոստոսին կազմել է մոտ 73%, ինչը հունվար-հուլիսի ցուցանիշից փոքր է մոտ 1 տոկոսային կետով։ Մյուս կողմից՝ այս տարվա ութ ամիսների վնասաբերությունը մակարդակը 2012թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 3 տոկոսային կետով։
Բյուրոյի և Կենտրոնական բանկի տվյալները փաստացի վկայում են, որ ԱՊՊԱ ոլորտում գործող սակագների հետևանքով ապահովագրական ընկերությունները ոչ միայն վնասներ են կրում ապահովագրության այս տեսակից, այլև վնասի չափն այս պրոդուկտում ավելի մեծ է, քան ապահովագրության մյուս տեսակներից ստացվող եկամուտները։
Civilnet











