Այս Հայաստանում միակ կենդանի բանը մեռելն է
Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն հիմա միայն թովում է դպրոցականներին, դպրոցում այն անգիր արածներին և Սվետլանա Խանումյանին: Իսկ այն պատմություն է Հայրենիքի մասին: Պարզ պատմություն: Կարճ ասած, դա ստեղծագործություն չէ: Այլ՝ հիշողության պատում: Ինչո՞ւ եմ այդպես կարևորում հիշողությունը: Բանն այն է, որ ժամանակակից Հայաստանը հիշողություն չունի: Որովհետև այս Հայաստանում նախ վերացվում են հետքերը, որոնք մնացել են նախնիներից: Այսպիսի Հայաստանում երեխաները մեծանում են իրենք իրենց ապավինած: Նրանց մանկությունը տեսադաշտ չունի, այսինքն, նրանց մանկությունից վերացված է «Ես իմ անուշ Հայաստանի»-ի ամեն տողը: Եթե ժամանակակից երեխան դառնա հանճարեղ պոետ, հազիվ թե լինի հայ պոետ:
Չարենցն իր ամենահայտնի գործերից մեկը գրեց «Դանթեական առասպելի» և «Մահվան տեսիլի» արանքում: Այսինքն, շտապեց վավերագրել այն Հայաստանը, որը միգուցե այսօր կա, իսկ վաղը չի լինի: Ըստ երևույթին, իր «անուշ Հայաստանը» կործանողի մեջ տեսել էր այն քաղքենուն, որին ոչ մի «անուշ Հայաստան» հետաքրքիր չէ, ում բերանում բառը համ չունի: Այսինքն, տեսել էր այն հային, որը բյուրեղացավ «Պատմության քառուղիներում»: Այսինքն, ժամանակակից Հայաստանին այս օրվա հասցնողը Չարենցի համար նորություն չէր, տեսնող էր պետք և ինքը տեսավ:
Իշխանության են եկել մարդիկ, որոնք այսօրվա Հայաստանից մանկուրտ են ստեղծում: Այսօրվա Հայաստանը վատ ստեղծագործություն է, դպրոցում եթե այն հանձնարարես, ոչ ոք չի կարողանա այսօրվա Հայաստանը ներկայացնելով ինչ-որ բան վկայել: Բառն այստեղ արևահամ չէ, աղջիկները հեզաճկուն չեն, հին սազ այլևս գոյություն չունի, լացակումած լարն արդեն մեր մասին չէ, որովհետև Կոմիտասից մնաց Սիրուշոյի «Պռե Գոմեշ»-ը: Ժամանակակից Հայաստանը միայն անցյալ ունի: Այսինքն, ինչ-որ մեկը կասի, որ 1991-94 թվականներին այս երկիրը պատերազմել է ադրբեջանցիների հետ ու հաղթել: Երբ նրան կխնդրեն ցույց տալ հաղթանակի պտուղները, մարդկանց կտանի Եռաբլուր: Ու վերջ:
Չարենցը շարունակում է. «Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե...»: Թվում է, թե` ի՞նչ խնդիր: Այսօր էլ է Հայաստանի երկինքը մուգ, ջրերը ջինջ, իսկ լիճը մի քիչ նույնիսկ ավելի լուսե: Մարդիկ կասեն ու կվկայեն, որ ժամանակակից Հայաստանը գալիս է ուղիղ Չարենցից: Իսկ, ըստ իս, Չարենցը ժամանակակից Հայաստանի երկինքն ու ջրերը չէր ճանաչի: Որովհետև ինքն իրենով երկինք չկա, եթե մարդն այնտեղ մասնիկ չունի: Ժամանակակից Հայաստանի երկինքը դատարկ է, ավելին, սա Հայաստան է առանց երկնքի: Սա փակ միջավայրի Հայաստանն է: Որովհետև այս Հայաստանում քիչ է դուրս գալը: Այս Հայաստանում դու քեզանից ինչ-որ բան պիտի արդեն դրսում ունենաս, երկինքը մի քիչ պիտի արդեն քեզանով երկինք լինի, նրա գույնի կեսը դու ես, որովհետև երկնքի, ջրերի, լճի հետ հարաբերությունով ես դու հայ, իսկ Հայաստանը՝ Հայաստան: Այսինքն, ինչպես առանց սիրո մարդը խոտ է, այնպես էլ առանց իմաստի երկինքն է դատարկ, ջուրը սոսկ քիմիական միացություն, իսկ լիճը՝ Սևան: Այսպիսի Հայաստան մեր թշնամին էլ չի երազել:
Մարդու ինչի՞ն է պետք իմաստը: Որպեսզի երկինքը, աղջիկը, տառը լինեն կամուրջ երեկվա և վաղվա միջև: Այսպիսի Հայաստանը կամուրջ չունի: Ահա ինչու է այստեղից հեռանալն այդքան անխնդիր: Մարդիկ հեռանում են ոչ թե կամուրջներով, այլ դրանք տրորելով: Սա նուրբ դրվագ է, որն արտագաղթողի խելքի բանը չէ: Մարդիկ տրորում են կամուրջները, որովհետև չեն ճանաչում դրանք, նրանց զրկել են կամուրջներից: Նրանք կամուրջը խոտից, անդունդից, ածելու ծայրից չեն տարբերում, նրանց միջից կամուրջն իբրև իմաստ հանվել է: Հետևաբար հեռանալիս, թե մնալուց նրանք այլևս հայ չեն: Եվ նրանց մեղադրելիս ցույց տվեք, թե հանուն ինչի պիտի մնան նրանք: Հանուն ոչնչի: Նրանք իմաստն են կորցրել: Եվ այն կորցրել են դպրոցական նստարանից, քանզի ժամանակակից Հայաստանի նրանց տեսադաշտը ծավալվում է միայն եկեղեցիներով և գերեզմաններով: Առաջինում Աստված չկա, երկրորդում՝ ապագա: Ոչնչում իմաստ չկա: Բանաստեղծն ասում է. «Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր, էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում»: Այսինքն, ինքը տեսնում է ժամանակակից Հայաստանից ավելի վատ իրականություն: Ինքը ուզում է իր սիրով իմաստավորել այդ իրականությունը, ինքը որպես իմաստ է կրում այդ իրականությունը, որպեսզի երևա՝ հայի մեռելը չի լինում, հայը միայն զոհ է: Իմաստը զոհաբերվելու մեջ է, ոչ թե մեռնելու: Այսօր ինչ անում է հայը, մեջը մեռելություն կա: Այսինքն, իմաստ չկա: Միակ կենդանի բանը մեռելն է: Շենք է սարքում, խոռոչն ավելի շատ է շենքի մեջ, քան՝ բնակմակերեսը, բանաստեղծություն է գրում, լավագույն դեպքում էսքիզ է, վատագույն դեպքում՝ բառեր: Ինչո՞ւ է այսպես: Որովհետև հայն այլևս չի կուտակում իր փառքի անհաս ճանփան, որը դժվար է ունենալը, նա առձեռն է ունենում ամեն ինչ, որի համար ճանապարհ պետք չէ:
Թեմա
Մհեր Արշակյան










