Անկումը շարունակվում է շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում։
Հայաստանի տնտեսությունը շարունակում է արգելակել. այս տարվա ինն ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3,2%։ Առաջին եռամսյակում ցուցանիշը 8,7% էր, կիսամյակի կտրվածքով՝ 4,4%։
Ազգային վիճակագրական ծառայություն «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2013թ. սեպտեմբերին» հրապարակման համաձայն՝ այս տարվա ինն ամիսներին 2012թ. նույն ժամանակահատվածի համաձայն արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 7% աճ. առաջին կիսամյակում ցուցանիշը 8,3% էր։ Գյուղատնտեսության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 5,5% աճ՝ ութ ամիսներին արձանագրված 7,1%-ի դիմաց։
Ծառայության ծավալներն ինն ամիսներին աճել են 2,8%-ով, առևտրի շրջանառության ծավալը՝ 2,1%-ով։ Ծառայության և առևտրի ծավալների աճի տեմպի դանդաղումը աշխատավարձերի և գնաճի անհամաչափ աճի հետևանք է։ Խնդրին այն է, որ սեպտեմբերին 12-ամսյա 8,2% գնաճի պայմաններում հունվար-սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձերն աճել են 4%-ով՝ կազմելով 146,4 հազ. դրամ։ Ինն ամիսներին պետական համակարգում միջին աշխատավարձն ավելացել է 2,5%-ով՝ կազմելով 116,5 հազ. դրամ, մասնավոր հատվածում՝ 6,4%-ով՝ մինչև 180,2 հազ. դրամ։
Ինն ամիսների կտրվածքով անկումը շարունակվել է շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում։ Շինարարության ոլորտում հունվար-սեպտեմբերին 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 9,2% անկում, էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 4,1%-ով։ Վերջինը պայմանավորված է առավելապես իրանա-հայկական՝ «գազ-էլեկտրաէներգիա» սխեմայով Իրան էլէներգիայի արտահանման ծավալի կրճատումով։
Այս տարվա ինն ամիսներին Հայաստանի արտաքին առևտրի ծավալն աճել է 4,5%-ով՝ կազմելով $4,17 մլրդ։ Հաշվետու ժամանակահատվածում արտահանումն ավելացել է 10,6%-ով՝ կազմելով $1,08 մլրդ, ներկրումը՝ 2,5%-ով՝ մինչև $3,09 մլրդ։
Civilnet











