Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փորձում է օրենսդրորեն հստակեցնել տնտեսավարողների նկատմամբ կիրառվող տուգանքների չափերը։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում 2011թ. կատարվեցին էական լրացումներ և փոփոխություններ, որոնք զգալիորեն ընդլայնեցին Հանձնաժողովի լիազորությունները, ավելացվեցին մրցակցության կանոնների խախտման պատասխանատվության չափերը։ Փոփոխություններից հետո անցել է 2,5 տարի, ՏՄՊՊՀ-ն օրենսդրական նոր փաթեթե է մշակել, քանի որ օրենքում լուրջ բացեր են հայտնաբերվել։
Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2014 թվականի տարեկան գործունեության ծրագրում» նշված է, որ Հանձնաժողովը մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Սնանկության մասին», «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվել են կառավարության քննարկմանը։
Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ըստ ՏՄՊՊՀ-ի, պայմանավորված է Հանձնաժողովի կողմից կայացվող որոշումներով նշանակվող տուգանքների գանձման արդյունավետ մեխանիզմների սահմանմամբ, օրենքի խախտումների համար տուգանքների չափերի համար միասնական մոտեցումների ապահովմամբ։
Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ ներկայում առկա են մի շարք խնդիրներ, որոնք գործող օրենսդրությամբ լիարժեք հնարավորություն չեն տալիս Հանձնաժողովին արդյունավետորեն լուծելու իր առջև դրված խնդիրները։
«Գործող օրենքով սահմանված տուգանքի չափերը միասնական չեն և չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: Մասնավորապես, մի դեպքում տուգանքի չափը որոշվում է կոնկրետ դրամային արտահայտությամբ, իսկ մյուս դեպքում կախված է տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթից: Հետևաբար, տվյալ դեպքում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվում են տարբեր մոտեցումներ՝ կախված այն հանգամանքից, թե սուբյեկտը մրցակցային օրենսդրության ինչ խախտում է թույլ տվել»,- նշված է տարեկան ծրագրում։
Հանձնաժողովի կարծիքով՝ նախորդ տարում առավել փոքր հասույթ ունեցող սուբյեկտները հայտնվում են բարենպաստ վիճակում՝ հասույթով որոշվող իրավախախտումների համար պատասխանատվության կիրառման դեպքում, իսկ խոշոր հասույթ ունեցողները՝ կոնկրետ դրամային արտահայտությամբ տուգանքների կիրառման դեպքում։
Ըստ Հանձնաժողովի՝ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել տուգանքների որոշման միասնական մոտեցում՝ կախված տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից։
Հանձնաժողովը նախատեսում է նաև տուգանքի գանձման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով սահմանվել մի մեխանիզմ, համաձայն որի 10-օրյա ժամկետում տուգանքը վճարած տնտեսվարող սուբյեկտների համար նշանակված տուգանքի չափը կրճատվում է 20%-ով։
Ի դեպ, համակենտրոնացման հայտարարագրման նպատակով համակենտրոնացման (տնտեսվարող սուբյեկտների միացում, միաձուլում, ակտիվների, փայաբաժինների ձեռքբերում) մասնակիցներից նախատեսվում է հայտարարագրման վճարի գանձում, որի չափը կազմում է հասույթների ընդհանուր չափի 0,1%-ը կամ ակտիվների ընդհանուր արժեքի 0,1%-ը՝ եթե դրա չափն ավելի մեծ է համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափի 0,1%-ից:
Վերահսկիչ պալատն, անցած տարի ուսումնասիրելով ՏՄՊՊՀ-ի գործունեությունը, հայտնաբերել էր, որ տնտեսվարողների նկատմամբ խախտումների համար տուգանքների նշանակման գործընթացները ռիսկային են, քանի որ հարցը կանոնակարգված չէ և չկա հստակ մեթոդաբանություն։
Այսպես, 2012թ. տարեկան հաշվետվությունում Վերահսկիչ պալատը նշել էր, որ անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նախորդ տարվա հասույթի մինչև 1%-ի չափով, ինչպես նաև գերիշխող դիրքի չարաշահման համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ 5 մլն դրամից մինչև 200 մլն դրամի չափով տուգանքի նշանակման գործընթացները ռիսկային են. սա կանոնակարգված չէ, չկա որևէ հաստատված մեթոդաբանություն։
Վերահսկիչ պալատը նաև գտնում է, որ համակենտրոնացումը չհայտարարագրելու համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ համակենտրոնացմանը մասնակցելու նախորդ տարվա հասույթի 4 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 մլն դրամի չափով տուգանքի նշանակման գործընթացը նույնպես ռիսկային է, հարցը կանոնակարգված չէ, չկա որևէ հաստատված մեթոդաբանություն:
«Ընկերությունների նկատմամբ միևնույն կամ համանման խախտման տուգանքի չափը որոշվում է տարբեր մոտեցումներով, կամ մի դեպքում ընկերությունը տուգանվում է, իսկ մյուս դեպքերում` պարզապես տրվում է նախազգուշացում»,- նշված էր Պալատի տարեկան հաշվետվությունում։
Civilnet











