Կենտրոնական բանկի գնահատումների համաձայն` 2013թ. անվանական աշխատավարձերը կբարձրանան 3,8%-ով՝ պայմանավորված ինչպես սպասվող գնաճային միջավայրով, այնպես էլ արտադրողականության և 2013թ. երրորդ եռամսյակում նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ։
ԿԲ «Ֆինանսական կայունության հաշվետվություն (2013թ. առաջին կիսամյակ)» փաստաթղթում նշել է, որ տարվա ընթացքում կնվազի նաև գործազրկությունը, որը տարեվերջին կկազմի 15,2%` առաջին կիսամյակում արձանագրված 16,2%-ի դիմաց:
Ի դեպ` կառավարության գնահատականներով` այս տարի գնաճը կարող է կազմել 7,4%, չնայած 2013թ. բյուջեում գնաճի թիրախային ցուցանիշ է դրվել 4±1,5%։
ԿԲ-ի և կառավարության կանխատեսումների իրականացման դեպքում 2013թ. փաստացի տեղի է ունենալու բնակչության իրական աշխատավարձի 3,6%-ով նվազում։ Պարզ ասած` թեև այս տարի միջին աշխատավարձերը կարող են աճել 3,8%-ով` բնակչությունը աշխատավարձով 2012թ. համեմատ ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ կարող է գնել։
ԿԲ-ն, ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակի զարգացումները, նշել է, որ 2013թ. առաջին կիսամյակում շարունակվել է տնտեսական ակտիվությունը, սակայն առավել դանդաղ տեմպերով՝ հիմնականում պայմանավորված շինարարության ճյուղի անկմամբ և արդյունաբերության ճյուղի դանդաղ աճի տեմպերով: Գյուղատնտեսության աճի տեմպի դանդաղումը և ծառայությունների գների աճը ձևավորել են բարձր գնաճային միջավայր, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ տնային տնտեսությունների և ձեռնարկությունների վարկունակության, ինչպես նաև ֆինանսական ծառայություններից օգտվելու հնարավորությունների վրա: «Այնուամենայնիվ, ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների բարձր աճը, անշարժ գույքի գների չափավոր աճը և աշխատանքի շուկայի բարելավումները որոշակիորեն չեզոքացրել են բնակչության կենսամակարդակի վրա վերոնշյալ զարգացումների բացասական ազդեցությունները: Արտաքին և ներքին զարգացումների ներքո 2013թ. առաջին կիսամյակում առկա են տնտեսական աճի դանդաղման ուղղությամբ ռիսկեր, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ֆինանսական կայունության վրա»,- ասված է ԿԲ-ի հաշվետվությունում:
Civilnet











