Շինոլորտի վարկերի 18,4%-ը չաշխատող են։
2013թ. առաջին կիսամյակում ֆինանսական հաստատությունների վիճակը ֆինանսապես կայուն է եղել: Այդ մասին նշված է Կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության հաշվետվություն (2013թ. առաջին կիսամյակ )» փաստաթղթում։ Ըստ ԿԲ-ի՝ ֆինանսական համակարգի հիմնական մասնակից բանկային համակարգում ոչ միայն նվազել է վարկային պորտֆելի աճի տեմպը, այլ արձանագրվել է պորտֆելի որակի որոշակի վատթարացում, ինչն անդրադարձել է բանկերի շահութաբերության վրա:
«Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ բանկային համակարգի կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները շարունակում են բարձր մնալ պահանջվող մակարդակներից»,- նշել է ԿԲ-ն:
ԿԲ մասնագետների կարծիքով՝ բանկերի կողմից տնտեսության վարկավորման աճի տեմպի թուլացումը պայմանավորված է հիմնականում վարկային շուկայի հագեցվածությամբ և նոր վարկային ծառայությունների առաջարկի անհրաժեշտությամբ:
Ըստ ԿԲ-ի՝ վարկային ռիսկերը շարունակվում են որպես կարևորագույն դիտարկվել բանկային համակարգի համար։ Առևտրային բանկերի՝ ռիսկով կշռված ակտիվներում վարկային ռիսկի մասնաբաժինը 92,6% է (2012թ. դեկտեմբերի վերջի դրությամբ՝ 92,4%)։
Վարկային ներդրումների ռիսկայնության դասերի առումով՝ չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի («հսկվող», «ոչ ստանդարտ» և «կասկածելի» ռիսկային դաս ունեցող վարկեր և դեբիտորական պարտքեր) տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում աճել է 2,1 տոկոսային կետով և կազմել 5,6%: Վարկային ներդրումների ճյուղային բաշխվածության տեսանկյունից՝ չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը համեմատաբար բարձր է շինարարության, հանրային սննդի ու սպասարկման այլ ոլորտներին և գյուղատնտեսությանը տրամադրված վարկերում` համապատասխանաբար 18,4%, 8,9% և 7%:
Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ բանկային համակարգի շահութաբերությունն ըստ ակտիվների (ROA)և շահութաբերությունը ըստ կապիտալի (ROE) նվազել են համապատասխանաբար 0,5 և 2,3 տոկոսային կետով և կազմել 1% և 6%:
Civilnet











