Ազգությամբ լեզգին Սաֆար Աբիևը, որը 1995-ից ի վեր անփոփոխ զբաղեցնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը և հայտնի է իր ռազմատենչ հայտարարություններով ու կոռումպացվածությամբ, չի ընդգրվել նոր կառավարության կազմում, որը ձևավորվել է հոկտեմբերի 22-ին` Իլհամ Ալիևի երդմնակալությունից երեք օր անց: Աբիևը պաշտպանության նախարարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրել է նաև 1993-ի հունիս-օգոստոս ամիսներին. հենց այդ շրջանում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանը կորցրեց Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի և Ղուբաթլուի շրջանները, ինչպես նաև` ավելի վաղ գրաված Մարտակերտի շրջանը:
Ադրբեջանական ընդդիմադիր մամուլը, ոչ կառավարական ու միջազգային կազմակերպությունները բազմիցս անդրադարձել են բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերություններին, մահացության հաճախակի դեպքերին և կաշառակերությանը` այդ ամենի մեջ առաջին հերթին մեղադրելով հենց Աբիևին: Միշտ կասկածներ են եղել, որ տարեցտարի ավելացող ադրբեջանական ռազմական բյուջեի մի մեծ հատված զոհ է գնում հենց կոռուպցիային:
Իլհամ Ալիևը, որը երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում է նախագահի պաշտոնը, պաշտպանության նոր նախարար է նշանակել Զաքիր Հասանովին, որը զբաղեցնում էր ներքին գործերի նախարարության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը: Հենց Հասանովի հրամանատարության տակ գտնվող զորքերն են ճնշել վերջին շրջանում ադրբեջանական ընդդիմության և քաղաքացիական հասարակության անհնազանդության փորձերը Իսմայիլի և Ղուբա քաղաքներում: Հասանովը ծնվել է գերազանցապես թալիշաբնակ Աստարա քաղաքում` Կասպիցի հարավարևմտյան ափին:
Աբիևի հեռացումից հետո Ադրբեջանի կառավարության վետերան անդամ դարձավ վարչապետ, 78-ամյա Արթուր Ռասիզադեն, որը ծնվել է Գյանջա քաղաքում, և ինչպես բազմիցս գրել են ադրբեջանական լրատվամիջոցները, նրա մայրը հայ է եղել: Նա անընդմեջ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 1996-ից, բացառությամբ 2003-ի օգոստոս-նոյեմբեր երեք ամիսների, երբ Հեյդար Ալիևից գահը փոխանցվում էր Իլհամ որդուն:
Ադրբեջանի նոր կառավարությունն ունի միանգամից վեց փոխվարչապետ` Յաղուբ Էյուբով, Աբիդ Շարիֆով, Էլչին Էֆենդիև, Ալի Ահմեդով, Ալի Հասանով և Իսմեթ Աբբասով:
Իսմեթ Աբբասովը եղել է գյուղատնտեսության նախարարը: Նա ծնվել է Երևանում, վարժ խոսում է հայերեն: Երեք տարի առաջ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով նա եկել էր Հայաստան և ասուլիսը սկսեց մաքուր հայերենով` առաջ բերելով հայ լրագրողների զարմանքը:
Սակայն Աբբասովը չէ Ադրբեջանի կառավարության ամենից լավ հայերենին տիրապետող անդամը: Տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևը ծնվել է Նոյեմբերյանի շրջանում և գերազանցությամբ ավարտել Նոյեմբերյանի հայկական միջնակարգ դպրոցը: Նրա կենսագրականում գրված է, որ ծնվել է Արևմտյան Ադրբեջանում, այսինքն` այն շրջանը, որտեղ ծնվել է Մուստաֆաևը և այն դպրոցը, որն ավարտել է (այդ նույն դպրոցն է ավարտել նաև տողերիս հեղինակը), ըստ ադրբեջանական նոր պատմագրության` այլևս Հայաստան չէ:
Ադրբեջանի նոր կառավարության կազմում իրենց տեղը պահպանել են նաև երկու օլիգարխ նախարարները` Քյամալեդդին Հեյդարովը (արտակարգ իրավիճակների) և Զիյա Մամեդովը (տրանսպորտի): Մի քանի հայտնի երգերի հեղինակ Հեյդարովը նախիջևանյան կլանի ներկայացուցիչներից է, ծնվել է Նախիջևանում, ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում գործարարությամբ զբաղվել է Ուզբեկստանում: Հեյդարովը, որը հայր Ալիևի կողմից 1995-ին նշանակվել է մաքսային ծառայության ղեկավար, իր ազդեցությամբ և ունեցվածքով զիջում է միայն Ալիևների և Փաշաևների (առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ծնողներն են) ընտանիքին:
Արտաքին գործերի նախարար է վերանշանակվել Էլմար Մամեդյարովը, ներքին գործերի` Ռամիլ Ուսուբովը (ծնվել է Խոջալուում), ազգային անվտանգության` Էլդար Մահմուդովը, էներգետիկայի` Նաթիկ Ալիևը:
Թաթուլ Հակոբյան











