Կոսովոն թուրքերի երկրորդ տունն է, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոսովո կատարած այցի ժամանակ, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի վարչապետը Պրիզրեն քաղաքում «Կոսովոյի դեմոկրատական թուրքական կուսակցության» կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասել է, որ Կոսովոն Թուրքիա է, և Թուրքիան՝ Կոսովո: Էրդողանը շեշտել է, որ թե՛ ինքը, և՛ թե թուրքական պատվիրակության անդամները Կոսովոյում իրեց զգում են ինչպես սեփական տանը: Ըստ Էրդողանի՝ թուրքերն ու Կոսովոյի բնակիչները ընդհանուր պատմության, մշակույթի և քաղաքակրթության կրողներ են:
«Թուրքիան ամեն ինչ արել և անում է Կոսովոյի անկախության ճանաչման գործընթացին նպաստելու համար», - ասել է Էրդողանը:
Պրիզրենի բնակիչները, որոնց մի մասը թուրքեր են, մեծ խանդավառությամբ են ընդունել Թուրքիայի վարչապետին:
Կոսովոյի քաղաքական կյանքում աճում է Թուրքիայի ու թուրքերի դերը. այստեղ գործունեություն է ծավալում երեք թուրքական կուսակցություն: «Կոսովոյի դեմոկրատական թուրքական կուսակցությունը» ներկայացված է երկրի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմնում (3 պատգամավոր):
Civilnet











