2014թ. հուլիսի 1-ից նախարարների աշխատավարձը կկազմի 792 հազ. դրամ, պատգամավորներինը՝ 660 հազ. դրամ։
Օրենքի նախագծում կառավարությունը սակայն չի նշել, թե ինչու է որոշել խախտել 2003-ից գործող վարձատրության «հավասարության» սկզբունքը և նախարարների պաշտոնի գործակիցը սահմանել 12, պատգամավորինը՝ 10 (այնքան, որքան մարզպետինը)։
Օրենքի նախագծով պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձը սահմանվելու է հիմք ընդունելով բազային աշխատավարձը (2014թ. հուլիսի 1-ից նախատեսվում է սահմանել 66 հազ. դրամ) և յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանված գործակիցը։ Ըստ այդմ՝ հուլիսի 1-ից նախարարների աշխատավարձը կկազմի 792 հազ. դրամ, պատգամավորներինը՝ 660 հազ. դրամ։
Համեմատության համար՝ այսօր պատգամավորի և նախարարի աշխատավարձը, ըստ «Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափի մասին» օրենքի, կազմում է 331,6 հազ. դրամ։ Անցած տարվա նոյեմբերի 13-ին կատարված օրենսդրական փոփոխություններով թե՛ նախարարների, թե՛ պատգամավորների աշխատավարձերը բարձրացվել էին հավասարաչափ՝ 10%-ով։
Հնարավոր է, որ ներկայում կառավարությունը նախարարների աշխատավարձն ավելի շատ բարձրացնելու ժամանակ առաջնորդվել է պատասխանատվության և աշխատանքային ծանրաբեռնվածությունն աստիճանով, ինչպես նաև բյուջեի ծախսերի բեռով։ Այսօր 18 նախարարի դիմաց պատգամավորների թիվը 131 է, և վերջիններիս աշխատավարձերը 132 հազ-ով քիչ բարձրացնելու արդյունքում միայն 2014թ. երկրորդ կիսամյակում կառավարությունը կտնտեսի քան 100 մլն դրամ բյուջետային միջոցներ։
Չի բացառվում՝ պատգամավորների աշխատավարձերը ավելի քիչ սահմանելու դեպքում կառավարությունը հաշվի է առել նաև այն, որ պատգամավորների գերակշիռ մասը ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված է բիզնեսի հետ և նրանց հիմնական եկամուտի աղբյուրը աշխատավարձը չէ։
Ի դեպ, Ազգային Ժողովում կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանը օրինագծի ներկայացման ժամանակ պատգամավորներին այդպես էլ չկարողացավ հստակ հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու է խախտվում ներկայիս գործող հավասարությունը և ինչու պատգամավորը նախարարից ավելի քիչ պետք է ստանա։
Civilnet











