Հայաստանում գազի իրացման ծավալները կրճատվել են 0,5%-ով, ինչը, սակայն, պայմանավորված չէ հուլիսի 7-ից բնակչության և խոշոր գազասպառողների համար գազի սակագնի բարձրացումով։
2013թ. ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «ՀայՌուսգազարդի» կողմից Ռուսաստանից ներկրված գազի ծավալները կրճատվել են 3,7%-ով՝ կազմելով 1,273 մլրդ խմ: Նշված ժամանակահատվածում ներքին շուկայում իրացվել է 1,122 մլրդ խմ գազ, ինչը 0,5%-ով պակաս է նախորդ տարվա ինն ամիսների ցուցանիշից:
«ՀայՌուսգազարդի» հաղորդագրության համաձայն՝ բնակչության կողմից ինն ամիսներին գազի սպառման ծավալները կրճատվել են 8,7%-ով, էներգետիկ ոլորտում սպառումը նվազել է 14,9%-ով՝ կազմելով, համապատասխանաբար, 361,7 մլն խմ և 112,8 մլն խմ: Արդյունաբերության ոլորտում սպառումն ավելացել է 10,8%-ով՝ կազմելով 200,7 մլն խմ, ԱԳԼՃԿ-ներին իրացվող գազի ծավալն աճել է 8,8%-ով՝ մինչև 331,1 մլն խմ, «այլ» սպառողներին իրացված գազի ծավալներն ավելացել են 1,7%-ով՝ կազմելով 116 մլն խմ:
Ընկերության կողմից ներկրված և ներքին շուկայում իրացված գազի ծավալների համեմատականից երևում է, որ հուլիսի 7-ից բնակչության համար 1 խմ գազի սակագնի բարձրացումը 18%-ով՝ մինչև Դ156, իսկ խոշոր գազասպառողների համար 14%-ով՝ մինչև $276,98՝ 1000 խմ հաշվով, բացասաբար չի ազդել ներկրման ռ սպառման ծավալների վրա։
Այսպես, այս տարվա երրորդ եռամսյակում «ՀայՌուսգազարդը» ներկրել է 328 մլն խմ բնական գազ (2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7,9%), և իրացրել 296,5 մլն խմ-ը (աճը 21,6%)։ Այս տարվա երրորդ եռամսյակում բնակչության կողմից սպառվել է 61 մլն խմ կապույտ վառելիք՝ գրեթե այնքան, որքան 2012թ. նույն ժամանակահատվածում։
Այս տվյալներից երևում է, որ այս տարվա ինն ամիսներին բնակչության կողմից գազի սպառման ծավալների կրճատումը պայմանավորված է ոչ թե գազի թանկացումով, այլ այն հանգամանքով, որ ջեռուցման սեզոնին բնակչությունը, նույնիսկ գազի 132 դրամ/1 խմ սակագնի պայմաններում, դիմում է խնայողության։ Այս տարվա առաջին եռամսյակում բնակչությունը գազի սպառումը կրճատել էր 13,6%-ով։
Առաջին եռամսյակի միտումները, ինչպես նաև հուլիսի 7-ից գազի սակագնի բարձրացումը հուշում են, որ այս տարվա չորրորդ եռամսյակում՝ ջեռուցման սեզոնին, բնակչությունը կրճատելու է գազի սպառման ծավալները։
Civilnet











