2013թ. հոկտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» բորսայում փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացել է «Ազգային հիփոթեքային ընկերություն» վարկային կազմակերպության յոթերորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը։ Պարտատոմսերի անվանական արժեքը կազմել է 100 հազ. դրամ, քանակը` 10 հազ., ժամկետայնությունը` 363 օր։
Ընկերության հաղորդագրության համաձայն` որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել են բորսայի 6 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,5 մլրդ դրամ, իսկ բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 912 մլն դրամ։ Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,59%:
Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:
«Ազգային հիփոթեքային ընկերությունը» հանդիսանում է 100% պետական ընկերություն, որի նպատակն է վերաֆինանսավորել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերը։
Civilnet











