Երևանի քաղաքապետարանը չի հրապարակել ասֆալտապատման աշխատանքների իրականացման պայմանագրերը, սակայն ֆինանսների նախարարությունը քաղաքապետարանին պատասխանատվության չի կարող ենթարկել։
«Գնումների մասին» օրենքի համաձայն` պետական կառույցները և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են գնումների վերաբերյալ հրապարակել հայտարարված մրցույթների փաթեթները, կնքված պայմանագրերը։ Այդ տեղեկատվությունները պարտադիր պետք է տեղադրվեն ֆինանսների նախարարության պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքում (gnumner.am): Երևանի քաղաքապետարանն այս տարի, ընդհանուր առմամբ, կնքել է մոտ 12 մլրդ դրամի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման պայմանագրեր, ընդ որում` այդ գումարների 4,4 մլրդ-ը հատկացվել է համայնքային բյուջեից, իսկ 7,5 մլրդ-ը` կառավարության պահուստային ֆոնդից։ Թեև քաղաքապետարանը կնքել է բավականին մեծ գումարների պայմանագրեր, գնումների պաշտոնական ինտերնետային կայքում ՍիվիլՆեթին այդպես էլ չի հաջողվել գտնել ո´չ մրցույթների հայտարարությունները, ո´չ էլ կնքված պայմանագրերը։
Հոկտեմբերի 25-ին ֆինանսների նախարարությունում կայացած ասուլիսին Սիվիլնեթի հարցին, թե ինչու քաղաքապետարանը չի տեղադրել պայմանագրերը, ինչի համար ֆինանսների նախարարությունը կարող է պատասխանատվության ենթարկել, նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչություն պետ Մակար Ղամբարյանն ասաց, որ նախարարությունը մերժում է այն պայմանագրերը, որոնք պետական գերատեսչությունները չեն հրապարակում` օրենքով նախատեսված կարգի պահանջներին համապատասխան։ Մինչդեռ խոսքը պետական կառավարման մարմինների մասին է, իսկ Երևանի քաղաքապետարանը տեղական ինքնակառավարման մարմին է: «Գնումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման համար պատասխանատու մարմինը պատվիրատուն է։ Այսինքն` յուրաքանչյուր պատվիրատու ինքն է պատասխանատու հրապարակային տեղեկատվության հրապարակման համար»,- ասաց Ղամբարյանը` հավելելով, որ եթե պետական կառավարման մարմինը չի հրապարակում տեղեկատվությունը, ֆինանսավորում չի ստանում։
Հարցին, թե տեղեկատվությունը չհրապարակելու համար նախարարությունը կարող է արդյոք պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանին, Ղամբարյանն ասաց` ոչ։
Գործնականում ստացվել է մի իրավիճակ, որ թեև քաղաքապետարանը խախտել է օրենքի պահանջները, այդուհանդերձ, որևէ պատասխանատվության չի կարող ենթարկվել։ Քաղաքապետարանի կողմից ասֆալտապատման աշխատանքների պայմանագրերի գաղտնի պահելը և չհրապարակելը բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ այս տարի մայրաքաղաքում հիմնանորոգման ենթակա 30 փողոցներից 44%-ը (13 փողոց) իրականացրել է մեկ ընկերություն` «Վահագն և Սամվել»։
Լուսանկարը` Yerevan.am-ից
Civilnet











