2013 թվականը նախագահական ընտրությունների տարի է Հարավային Կովկասի` միջազգայնորեն ճանաչված բոլոր երեք երկրներում: Փետրվարին Հայաստանում կայացած վիճելի ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանը երկրորդ ժամկետով զբաղեցրեց նախագահի պաշտոնը` հաղթելով Րաֆֆի Հովհաննիսյանին: Ըստ պաշտոնական տվյալների` Սարգսյանը ստացավ քվեների 58, իսկ Հովհաննիսյանը` 37 տոկոսը: Մի քանի շաբաթ առաջ ընտրություններ անցկացվեցին Ադրբեջանում, և ինչպես սպասվում էր, Իլհամ Ալիևը երրորդ անգամ անընդմեջ մնաց նախագահի պաշտոնում: Միջազգային կազմակերպությունները և Միացյալ Նահանգները հստակ հայտարարեցին, որ Ադրբեջանում ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին: Իլհամ Ալիևը ստացավ քվեների 85, իսկ ընդդիմության թեկնածուն` Ջամիլ Հասանլին` ընդամենը 5 տոկոսը:
Հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացվող նախագահական ընտրություններին մասնակցում են 23 թեկնածուներ, որոնցից երեքը` կին: Հիմնական պայքարը կծավալվի «Վրացական երազանք» դաշինքից 44-ամյա Գիորգի Մարգվելաշվիլիի և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից 41-ամյա Դավիթ Բաքրաձեի միջև: Ընտրություններին մասնակցող թեկնածուներից մի քանիսը ևս բավականին հայտնի քաղաքական գործիչներ են, որոնց թվում` խորհրդարանի նախկին նախագահ, 49-ամյա Նինո Բուրջանաձեն, Քրիստոնեա-դեմոկրատական շարժման առաջնորդ և հայտնի լրագրող, 39-ամյա Գիորգի Թարգամաձեն, լեյբորիստական կուսակցության նախագահ, 55-ամյա Շալվա Նաթելաշվիլին:
Մարգվելաշվիլին` որպես քաղաքական գործիչ, ոչ Վրաստանի ներսում, առավել ևս՝ ոչ Վրաստանից դուրս, այնքան էլ հայտնի չէ: Նա փիլիսոփայության դոկտոր է: Երբ անցյալ տարի Իվանիշվիլին դարձավ վարչապետ, Մարգվելաշվիլիին նշանակեց կրթության նախարարի, ապա՝ փոխվարչապետի պաշտոնում: Դավիթ Բաքրաձեն խորհրդարանի նախկին նախագահն է, կարճ ժամանակ եղել է արտգործնախարար:
Վրաստանի այս ընտրությունները ուշագրավ են մի քանի առումներով: Գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռանում է, և Վրաստանը կունենա նոր նախագահ: Անկախությունից ի վեր Վրաստանն ունեցել է երեք նախագահ` Զվիադ Գամսախուրդիան (1991-1992), Էդուարդ Շևարդնաձեն (1995-2003) և Միխեիլ Սաակաշվիլին (2004-2013): Երբ առաջին նախագահ Գամսախուրդիան իշխանությունից հեռացվեց ռազմական հեղաշրջման արդյունքում, մի քանի տարի` 1992-1995 թվականներին, Վրաստանի փաստացի նախագահը և առաջնորդը հենց Շևարդնաձեն էր: Երկու անգամ Վրաստանն ունեցել է ժամանակավոր նախագահ, երկու դեպքում էլ` 40 օրով: Երբ 2003-ի նոյեմբերին Վարդյա հեղափոխության արդյունքում Շևարդնաձեն հրաժարական տվեց, նախքան նոր ընտրությունների անցկացումը խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Նինո Բուրջանաձեն դարձավ ժամանակավոր նախագահ: Բուրջանաձեն ևս մեկ անգամ զբաղեցրեց ժամանակավոր նախագահի պաշտոնը, երբ Սաակաշվիլին 2007-ի աշնանը հրաժարական տվեց, և կազմակերպվեցին վաղաժամկետ ընտրություններ: Այդ ընտրություններում ևս Սաակաշվիլին հաղթեց` ստանալով քվեների 53 տոկոսը: Ճիշտ է, միջազգային կազմակերպությունները համարեցին, որ այդ ընտրությունները, ընդհանուր առմամբ, համապատասխանել են եվրոպական չափանիշներին, սակայն վրացի դիտորդները նշում էին, որ պետք էր անցկացնել երկրորդ փուլ, քանի որ Սաակաշվիլին առաջին փուլում չէր հավաքել անհրաժեշտ 50 տոկոս գումարած մեկ քվեն: Մասնավորապես, այդ ընտրություններում Սաակաշվիլին անհամեմատ մեծ թվով քվեներ էր ստացել գերազանցապես հայաբնակ Ջավախքում և գերազանցապես ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի երկրամասում: Վրացական ընդդիմությունը պնդում էր, որ հենց Ջավախքում և Քվեմո-Քարթլիում են զանգվածաբար կեղծվել ընտրությունները` հօգուտ Սաակաշվիլիի:
Հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրությունները ուշագրավ են նաև նրանով, որ նախագահի երկու հիմնական թեկնածուները իշխանության մաս են կազմում: Մեկ տարի առաջ Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթեց ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը: Այս դաշինքի առաջնորդը աշխարհի ամենահարուստ վրացին է` Բիձինիա Իվանիշվիլին, որն էլ դարձավ վարչապետ: Փաստորեն, արդեն մեկ տարի գործող նախագահ Սաակաշվիլին ընդդիմություն է, քանի որ նրա գլխավորած կուսակցությունը` «Միացյալ ազգային շարժումը», խորհրդարանում փոքրամասնություն է:
Վրաստանի նախագահական նախկին բոլոր ընտրություններն ավարտվել են մեկ փուլով: 1991թ. կայացած առաջին ընտրություններում հաղթեց ազգայնական Զվիադ Գամսախուրդիան՝ ստանալով քվեների գրեթե 88 տոկոսը: Սակայն կարճ ժամանակ անց նա գահընկեց արվեց, ապա սպանվեց: 1995-ին կայացած ընտրություններում քվեների 77 տոկոսով հաղթեց Էդուրադ Շևարդնաձեն, որը եղել էր Խորհրդային Վրաստանի առաջնորդ, ապա դարձել Խորհրդային Միության արտգործնախարար: 2000թ. նախագահական ընտրություններում կրկին հաղթեց Շևարդնաձեն՝ ստանալով քվեների 82 տոկոսը: Երկու դեպքում Շևարդնաձեի ստացած քվեները կասկածի տեղիք տվեցին, միջազգային կազմակերպությունները համարեցին, որ ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին: 2004-ին կայացած վաղաժամկետ ընտրություններում քվեների 96 տոկոսով հաղթեց Միխեիլ Սաակաշվիլին: Եթե այս ընտրությունները համարվեցին ազատ և արդար, ապա Սաակաշվիլիի երկրորդ ընտրությունը 2008-ին կասկածի տեղիք տվեց:
Հոկտեմբերի 27-ի ընտրությունները ժողովրդավարության իրական փորձություն է լինելու Վրաստանի համար: Եթե այս անգամ էլ ընտրություններն անցնեն ազատ, արդար և մրցակցային պայմաններում, ինչպես 2012-ի խորհրդարանական ընտրություններն էին, որոնցում հաղթեց ընդդիմությունը, ապա կարելի է ասել, որ Վրաստանն իր ժողովրդավարական ցուցանիշներով ակնհայտ առաջ կանցնի ինչպես Հայաստանից, այնպես էլ նախկին խորհրդային մյուս հանրապետություններից:
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ընտրություններում հաղթելու է Մարգվելաշվիլին: Միակ տարածաշրջանը, որտեղ, ըստ այդ հարցումների, հաղթելու է Բաքրաձեն, հենց հայհոյած Ջավախքն է: Մի քանի օր առաջ վարչապետ Իվանիշվիլին և նախագահի թեկնածու Մարգվելաշվիլին նախընտրական հանդիպում անցկացրին Ջավախքի կենտրոն Ախալքալաքում: Իվանիշվիլին, դիմելով հավաքված շուրջ երկու հազար հայերին, ասել է. «Ես հայերին շատ եմ սիրում, և դա երբեք չեմ թաքցրել: Ես տեսնում եմ, որ դուք սպասում եք նոր նախագահի, և այն անպայման կդառնա Գիորգի Մարգվելաշվիլին: Մենք իսկապես եղբայրներ ենք, դուք Վրաստանի քաղաքացիներ եք, ինչպես և մենք: Սա ձեր հայրենիքն է»:
Վարադառնալով Թբիլիսի` վարչապետ Իվանիշվիլին ասել է. «Միակ տարածաշրջանը, որտեղ «Վրացական երազանքի» թեկնածուն կարող է պարտվել, հայաբնակ Ջավախքն է: Դա են վկայում վերջին հետազոտությունների արդյունքները: Սակայն ես չեմ պատրաստվում դիմել հայկական ընտրազանգվածի վրա ներազդեցության անարդար մեթոդներին: Ես չեմ պատրաստվում զանգահարել Հայաստանի նախագահին նման խնդրանքով: Այդպիսի նախադեպեր մեր երկկողմ հարաբերություններում արձանագրվել են, բայց ես նման բան անել չեմ պատրաստվում»:
Եթե ընտրություններում հաղթի Մարգվելաշվիլին, իսկ Ջավախքում Բաքրաձեն ավելի շատ քվեներ ստանա, ապա դա Ջավախքի և ջավախահայության համար կստեղծի ոչ շահեկան վիճակ:
Թաթուլ Հակոբյան











