Photo: interpressnews.ge
Վրաստանում հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրությունները ավարտվեցին առաջին փուլով` ինչպես նախորդ բոլոր հինգը: Վրաստանի չորրորդ նախագահը Գիորգի Մարգվելաշվիլին է` մասնագիտությամբ փիլիսոփա, որը մինչև վերջերս այնքան էլ հայտնի քաղաքական գործիչ չէր ոչ երկրի ներսում, ոչ դրսում:
Գիորգի Մարգվելաշվիլին առաջինը շնորհակալություն հայտնեց վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Հենց Իվանիշվիլին էր Մարգվելաշվիլիի թեկնածությունը առաջադրել «Վրացական երազանք» դաշինքից: Հենց Իվանիշվիլիի քաղաքական և ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր եղավ Մարգվելաշվիլիի ընտրությունը, որը կարելի է ասել՝ Վրաստանի նախագահի պաշտոնին հասավ անհայտությունից:
44-ամյա Մարգվելաշվիլին փիլիսոփայության դոկտոր է: Եղել է լեռնագնացներին ուղեկցող և թարգմանիչ, ապա հիմնել է Վրաստանի հանրային գործերի ինստիտուտը՝ հայտնի GIPA-ն: Հանգուցյալ վարչապետ Զուրաբ Ժվանիայի քաղաքական թիմից էր:
Ընտրությունների նախնական արդյունքերով՝ Մարգվելաշվիլին հավաքել է քվեների ավելի քան 60%-ը: Նրա հիմնական մրցակիցը` Դավիթ Բաքրաձեն, ստացել է քվեների շուրջ 20%-ը: Երրորդ տեղում խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն է:
Դավիթ Բաքրաձեն արդեն շնորհավորել է Վրաստանի չորրորդ նախագահի ընտրությունը: Հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այս ընտրությունները մեկ քայլ նահանջ էին Վրաստանի եվրոպական ճանապարհից:
Էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից կարճ ժամանակ անց Մարգվելաշվիլին այցելեց Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին՝ ստանալու նրա օրհնությունը:
Հոկտեմբերի 28-ի օրվա ընթացքում ԿԸՀ-ն կհրապարակի ընտրությունների նախնական արդյունքները:
Այս ընտրություններից հետո ուժի մեջ է մտնում նոր Սահմանադրությունը, որն ընդունվել է 2010-ին: Վրաստանը նախագահական կառավարումից անցնում է կիսանախագահականի: Գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մի քանի օրից հրաժարական է տալու և ներկայացնելու է նոր վարչապետին:
Թաթուլ Հակոբյան
Թբիլիսի
Թաթուլ Հակոբյան











