Գլխավոր Լրահոս

Խոշոր հարկատուներն ապահովել են լրացուցիչ հարկերի ավելի քան 80%-ը

Խոշոր հարկատուներն ապահովել են լրացուցիչ հարկերի ավելի քան 80%-ը

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած «2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների» ցանկի համաձայն` Հայաստանի 1000 խոշոր հարկատուներն այս տարվա ինն ամիսներին պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 479,9 մլրդ դրամի հարկեր, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովել է 85 մլրդ-ով կամ 21,5%-ով աճ։ Առաջին տասնյակում ընդգրկված ընկերությունների վճարած հարկերի ծավալն ավելացել է 31 մլրդ-ով կամ 23,5%-ով։ Առաջին 100 ընկերությունների կողմից վճարած հարկերի ծավալն ավելացել է 18,9%-ով կամ 47,2 մլրդ դրամով։

Ընդհանուր առմամբ, ինն ամիսներին 1000 խոշոր հարկատուներն ապահովել են պետբյուջեի կատարողականի իննամսյա ծրագրային ցուցանիշի 66%-ը։ Մյուս կողմից` այս տարվա ինն ամիսներին կառավարության ծրագրած լրացուցիչ 101,7 մլրդ դրամ հարկերից խոշոր հարկատուները ապահովվել են 83,6%-ը։ Այդ լրացուցիչ հարկերի ավելի քան 1/3-ն ապահովվել է ընդամենը մի քանի ընկերություն։

«Ալեքս Գրիգի» գործերը լավ չեն

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած «2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների» ցանկն այս տարի գլխավորել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 26,35 մլրդ-ի վճարած հարկերով` անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 9,9 մլրդ-ով կամ 60%-ով։ Երկրորդ հորիզոնականում է «ՀայՌուսգազարդը»` վճարած 25,4 մլրդ-ով, ինչը 2,8 մլրդ-ով կամ 12,4%-ով գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը։

Երրորդ տեղը 22 մլրդ դրամ վճարած հարկերով զբաղեցրել է բջջային օպերատոր «Ղ-Տելեկոմը»։ Ընկերության վճարած հարկերի ծավալը 2012թ. ինն ամիսների համեմատ ավելացել է 8,7 մլրդ դրամով կամ 65%-ով։ Ուշագրավ է, որ չորորդ  հորիզոնականում հայտնված պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերության (գերիշխող դիրք է զբաղեցնում մի շարք ապրանքային շուկաներում, նրան է պատկանում «Երևան սիթի» սուպերմարկետային ցանցը) վճարած հարկերը 2013թ. ինն ամիսներին կրճատվել են 1,77 մլրդ-ով կամ 13%-ով և կազմել 11,8 մլրդ դրամ։

Խոշոր հարկատուների ցանկի հինգերորդ հորիզոնականում է «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերությունը` վճարած 11,5 մլրդ դրամ հարկերով. ընկերության հարկերի ծավալն անցած տարվա ինն ամիսների համեմատ ավելացել է 1,8 մլրդ-ով կամ 19%-ով։ Նավթամթերքի շուկայի «Ֆլեշ» խոշոր ընկերությունը ցանկում զբաղեցրել է վեցերորդ տեղը և վճարել է 8,5 մլրդ դրամ. վճարած հարկերի ծավալն ավելացել է 0,64 մլրդ դրամով կամ 8%-ով։ Յոթերորդ տեղում 8,37 մլրդ դրամ վճարած հարկով զբաղեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։ Ընկերության վճարած հարկերի ծավալն ավելացել է 1,5 մլրդ-ով կամ 22%-ով։ Վճարած հարկերի ծավալի աճը պայմանավորված է հուլիսի 7-ից վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի թանկացմամբ։

Ութերորդ տեղում է «Գեո պրոմայնինգ գոլդ» ընկերությունն է (Արարատի ոսկու գործարանը)` վճարած 6,45 մլրդ դրամ հարկերով։ Վճարած հարկերի ծավալը 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,45 մլրդ-ով կամ 61%-ով։ Իններորդ տեղում է նավթամթերքի մեկ այլ խոշոր ընկերություն՝ «ՍիՓիԷս օիլ քորփորեյշնը»։  Ընկերության կողմից վճարվել է 5,6 մլրդ-ի հարկ։ Այն «Սիթի պետրոլ գրուպի» իրավահաջորդն է, ինչը նշանակում է, որ ընկերության վճարած հարկերը կրճատվել են 1,4 մլրդ-ով կամ 20%-ով։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ծխախոտային ընկերությունը՝ վճարելով 5,34 մլրդ դրամի հարկեր։ Վճարած հարկերի ծավալը 2012թ. ինն ամիսների համեմատ աճել է 1,67 մլրդ դրամով կամ 45,5%-ով։

Լուսանկարը` Armenpress-ի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում