Թող քնի, անուշ լինի, բայց մի ստեք
Սերժ Սարգսյանը Մինսկում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովին քնել է : Նախագահի մամուլի քարտուղարը հերքում է: «Շրջանառվող կադրում նախագահը տեքստ է ընթերցում»,- ասել է Արման Սաղաթելյանը: Հիմա տեսեք, թե ինչ են անում սրանք: Հերքում են ակնհայտը: Այսինքն, ստում են: Սուտը խաբեությունից տարբերվում է ակնհայտի հերքումով: Այս մարդիկ ստում են:
Հասկանու՞մ եք, թե ինչու Հայաստանն ընդհանրապես շանսեր չունի: Որովհետև ի՞նչ խնդիր է ասել, որ քնած չէ, կարդում է: Ուրեմն, ի՞նչ խնդիր է ասել, որ տնտեսությունն աճում է, աղքատությունը նահանջում է, որ կազինոյում երբեք 70 միլիոն եվրո չեն կրվել և այլն: Նման դեպքերում ակնհայտը հերքողները կարող են ասել՝ է՛, դուք էլ ասեք, որ չի աճում, որ կրվել է և այլն: Լսողն ո՞վ է: Այսինքն, խոսքի և արարքի անդունդն են մեծացնում: Այսինքն, ուզում են ասել՝ երկիր ենք կառավարում՝ ինչ եք կպել՝ քնած է, թե քնած չէ: Եղբայր, թող քնի, անուշ լինի, և թող քնի նաև ժամանակին, ոչ ոք չի ասում, թե իրավունք չունի քնելու: Ես էլ կքնեի: Բայց մի ստեք, թե չի քնել:
Ձեզ ոչ ոք չի ասել, որ բոլոր խնդիրների հիմքում ոչ թե անկարողությունն է, այլ՝ սուտը: Անկարողը խնդրահարույց մարդ է, երբ ստում է, թե կարող է: Գրեթե ամեն օր վարչապետը ստում է, որովհետև հերքում է ակնհայտը: Հերքում էր, չէ՞, որ օֆշորում հաշիվներ չունի, որ հարբած չի խոսել երիտասարդ հանրապետականների հավաքին: Երկիրը մի մեծ և անհերթ ստի վրա է կանգնած: Որովհետև հասարակ քունն անգամ ձեր բերանում քուն չի կոչվում, նույնիսկ «աչք կպցնել» չի կոչվում: Դուք ավելի հեռու եք գնացել, դուք ասում եք, թե Սերժ Սարգսյանը կարդում է: Այսինքն, քնած երևալու մեղքը գցում եք թերթի, թղթի կամ գրքի վրա: Հիմա եկեք դատենք որպես մասնագետներ: Լուկաշենկոյի ելույթներից բացի հիշյալ 7-րոպեանոց տեսանյութում ոչ մի կադր այդքան երկար տևողություն չունի, որքան քնած Սերժ Սարգսյանի կադրն է: Հետևաբար, նրանք, ովքեր նկարել են կադրը, 9 վայրկյան ձգել են այն, որպեսզի հեռուստադիտողը հասկանա, որ կադրում երևացող մադը քնած է, ոչ թե ընթերցում է: Ընթերցումը արթուն գործողություն է, սա նույնիսկ ամաչում էլ եմ շարունակել, ընթերցելու համար շարժումը թելադրում է ոչ միայն աչքը, այլև մարմինը, գիրքը, ուղեղը:
Բոլորը մի շարժման մեջ են, որը նույնիսկ «օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունով» անգամ երևում է: Իսկ հիշյալ 9 վայրկյանանոց կադրում Սերժ Սարգսյանը քնած է: Ի դեպ, կրկնում եմ, լավ է արել, Լուկաշենկոյի ելույթի ժամանակ ես էլ կքնեի, թեպետ վստահեցնում եմ, որ գրավոր տեքստ կարդացող Լուկաշենկոյի ձայնի տեմբրն ավելի աշխույժ է, քան՝ բանավոր խոսող Սերժ Սարգսյանինը: Ինչևէ: Մարդը քնել է: Եվ այդ կադրը մի տեղից ծլել է՝ բարեկամ Բելառուսի հեռուստաընկերությունից: Այնտեղ «քնած նախագահի» բարդույթները կունենան Լուկաշենկոյի հանդեպ, բայց Հայաստանում կգտնվե՞ր մեկը, ով կկոծկեր քնած Լուկաշենկոյի կադրը: Ոչ, չէր գտնվի: Քնածին ծածկելը այլ խնդիր է, կոծկելն այլ: Եթե ծածկող չկա, ոչ ոք չի կարող կոծկել: Հետևաբար, մի ասեք, թե Սերժ Սարգսյանը քնած չէր: Ձեզ հասկանում ենք, որ շարքային ընթերցողը քնած Սերժ Սարգսյան չի տեսել, և դժվարություններ կարող է ունենալ քնածին չքնածից տարբերելու հարցում, բայց կներեք, էլի, նրանից քնած պիտի լինել ակնհայտը չտեսնելու համար:
Թեմա
Մհեր Արշակյան










