Գլխավոր Լրահոս

Հայաստանին խորքային բարեփոխումներ են պետք. էկոնոմիկայի փոխնախարար

Հայաստանին խորքային բարեփոխումներ են պետք. էկոնոմիկայի փոխնախարար

Ըստ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի՝ 2014թ. կառավարության համար գերակա խնդիր է լինելու բիզնես միջավայրի բարելավումը։

Գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատող զեկույցներում այսուհետ առաջընթաց արձանագրելու համար Հայաստանին անհրաժեշտ են խորքային բարեփոխումներ. այս մասին հոկտեմբերի 29-ին հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։ Ըստ նրա՝ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակվող ամենամյա Doing Business 2014 («Գործարարությամբ զբաղվելը – 2014») զեկույցում Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել է 37-րդ տեղը՝ անցած տարվա համեմատ դիրքը բարելավելով 3 հորիզոնականով։

Մինասյանի խոսքով` Հայաստանը զարգացած երկրների հետ նույն շարքում է. 36-րդ հորիզոնականում Բելգիան է, 38-րդում՝ Ֆրանսիան։ Սա, ըստ փոխնախարարի, նշանակում է, որ փոքր քայլերով այսուհետ դժվար է լինելու առաջընթաց արձանագրել, քանի որ մյուս երկրները նույնպես իրականացնում են բարեփոխումներ։

Ըստ Մինասյանի՝ խորքային բարեփոխումների համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական ռեսուրսներ և մարդկային կարողություններ։ «Երկրները բարեփոխումների առումով լուրջ առաջընթաց են արձանագրում` ներդնելով էլեկտրոնային համակարգեր»,- նշեց Մինասյանը։

Գործադիրը, Մինասյանի խոսքով, քննարկել է բարեփոխումների հավակնոտ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և 2014թ. բիզնես միջավայրի բարելավումը կառավարության համար գերակա խնդիր է լինելու։

Հարցին, թե ինչու է Հայաստանը անդամակցում Մաքսային միությանը, որի անդամները գործարար միջավայրի դյուրինությամբ զիջում են Հայաստանին (Ռուսաստանը զբաղեցրել է 92-րդ տեղը, Ղազախստանը՝ 500-րդը, Բելառուսը՝ 63-րդը), և արդյոք Հայաստանը անդամակցելուց հետո չի դադարեցնի բարեփոխումները, Մինասյանն ասաց, որ հոկտեմբերի 25-ին Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը գործարար միջավայրի դյուրինությամբ առաջ է Մաքսային միության երկրներից և ասելիք ունի։ «Գործարար միջավայրի դյուրինությունը մեր առավելությունն է, որը հնարավորություն է տալիս արագ միանալ Մաքսային միությանը։ Մեր փորձը կարող է բավական հետաքրքիր լինել միության մյուս երկրների համար, և Հայաստանը պատրաստ չէ հետընթաց արձանագրել»,- նշեց Մինասյանը։ Մյուս կողմից՝ մաքսային ենթացուցիչով Հայաստանը զեկույցում բավական հետ է Մաքսային միության անդամ պետություններից և անելիքներ ունի, իսկ Մաքսային միությանն անդամակցելով` կարող է առաջընթաց գրանցել այս ոլորտում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում