Պարազիտն ու տրանզիտը
Երբ Մանվել Բադեյանը նպաստառուներին անվանեց «պարազիտ» ու հանգիստ գնաց իր տուն՝ թոռներին գրկելու, ես հասկացա, որ այս հողի վրա Հայաստան չկա։ Էստեղ օրգանիզմ չկա։ Կենսաբանությունից է հայտնի, որ պարազիտները ոչնչացնում են ցանկացած առողջ օրգանիզմ։ Եթե նպաստառուն պարազիտ է, ուրեմն առողջ օրգանիզմը Մանվել Բադեյանն է։ Ու եթե նպաստառուն չի բողոքում, Մանվել Բադեյանը ճիշտ է, այսինքն, մարդն իր օրգանիզմի առողջությանը սպառնացող վտանգի մասին է հայտարարել։ Ինքը հանրապետական է, իսկ պարազիտը 200 հազարի հասնող աղքատներն են։ Հասկացա՞ք։
Այսպիսով Հայաստանում 200 հազարին մոտ «պարազիտ» կա, որոնք որևէ կերպ չարձագանքեցին հանրապետական պատգամավորի ասածին, ոչ համաձայնեցին, ոչ էլ դժգոհեցին։ Ինչից ենթադրելի է, որ սա արդեն հող չէ, որտեղ մարդիկ են ապրում, սա տրանզիտ է։ Այսինքն, այս լռությունը մի բանի մասին է՝ ինչ ուզում են թող ասեն, մեկ ա, մեր փասափուսեն հավաքելու ենք հեռանանք։ Հայ մարդը աշխարհի միակ մարդն է, որի ըմբոստությունն արտահայտվում է փախուստով։ Կամ հանցագործի հետ լեզու գտնելով։ Երկուսից մեկը։ Բայց ավելի հաճախ փախուստով։ Կամ հանցագործի հետ լեզու է գտնում մինչև փասափուսեն կհավաքի։ Այսինքն, լեզու գտնելը նույնպես տրանզիտ ելք է։
Տեսեք։ Կառավարությունը բարձրացրեց ուսման վարձերը։ Ուսանողների ամառային կցկտուր դժգոհությունը սեպտեմբեր չհասավ։ Կառավարությունը հաղթեց։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Որովհետև ուսանողությունը բողոքելու փոխարեն ելքեր է մտածում։ Կառավարությունն իր մանր իշխանիկների միջոցով ընդառաջ է գնում այդ ելքերին։ Այսինքն, զեղչեր է սահմանում, ինչ-որ կարգավիճակներ է հորինում, ուսանողներին խորհուրդ է տալիս դիմումներ գրել ԲՈՒՀ-երի ՀՀԿ երիտասարդական կառույցներին, որպեսզի սրանք ինչ-որ ճանապարհներ գտնեն փոխհատուցումների։ Եվ վերջ։
Իմիջիայլոց, երբ Մանվել Բադեյանը «պարազիտ» է ասում նպաստառուին, նկատի ունի նաև էդ ուսանողի ծնողներին, որոնք հաստատ չեն կարողանալու վճարել իրենց երեխայի ուսման վարձը և նույնպես տարբերակներ են մտմտալու մի ելք գտնելու։ Գնալու են գյուղապետի մոտ, գյուղապետն ինչ-որ բան անելու է ու ասելու է, որ դա ՀՀԿ-ն է անում։ Եթե գյուղապետը չկարողանա, կուղարկի մարզպետարան, մարզպետարանը որևէ օլիգարխի կգտնի և ամբողջ բարեգործությունը կքաղաքականացվի։ Ու խնդրեմ, ուսանողն իր ծնողի հետ դարձավ քաղաքական այս կամ այն ուժի ստրուկը։ Ուրեմն, ինչպե՞ս ըմբոստանա նա, ո՞ւմ դեմ ըմբոստանա։ Մինչդեռ ուսանողը պետք է լիներ ոչ կոմպրոմիսային երևույթ, ինքն իր ծնողից պետք է տարբերվեր հարկադիր կեղծիքի հանդեպ անհանդուրժողականությամբ, որ է մեր՝ զուտ հայկական կոմպրոմիսը։ Բայց ինքը համաձայնում է ՀՀԿ-ից մազ պոկելուն, որովհետև այդ ամենի հետ ոչ կրթությունը կապ ունի, ոչ էլ երկիրը, այդ ամենի հետ կապ ունի տրանզիտը։
Տրանզիտը պարազիտության ձև է։ Ընդ որում տրանզիտ ասելով պետք չէ հասկանալ միայն արտագաղթը։ Տրանզիտը սկսվում է երկրի հետ քո հարաբերությունից։ Եթե քեզ կեղեքում է մարդը, այսինքն, շոշափելի մեկը, որը ներսից երկիր է քայքայում իր կեղեքումներով, դու փոխանակ կանգնես երկրիդ «թասիբին», դառնում ես կեղեքման գաղափարախոսության մաս։ Այսինքն, քեզ դուրս ես դնում երկրից ու դառնում շոշափելի կեղեքողի զինակիցը։ Ու սկսում եք իրար հետ լեզու գտնել։ Երկիրն արանքից դուրս մղվեց։ Այսինքն, գոյացան երկու պարազիտ, իսկ երկիրը չկա ու չկա։ Այս դեպքում տրանզիտը ուսանող լինելու որոշումն է։ Սկսում ես ուսանող լինելուց, վերջացնում պարազիտ դառնալով։
Դատավոր Ռշտունին դարձել է Կոտայքի մարզի դատախազ։ Հասկանո՞ւմ եք։ Դատավոր Ռշտունին հասկացել է, որ իմաստ չկա դատավոր լինելու, միևնույն է, որպես դատավոր դակում են դատախազության որոշումները։ Մարդը միանգամից հրաժարվել է իրավադատությունից ու դարձել մեղադրող։ Այս դեպքում դատավորությունը տրանզիտ պաշտոն է դատավոր Ռշտունու համար։ Մարդը սովորել է կամ առանց մասնագիտական կրթության դարձել է կարգին լրագրող։ Ու լսում ես՝ էդ կարգին լրագրողը պետական կեղեքիչներից մեկի մամուլի քարտուղարն է։ Ու վերջ։ Ոչ դրա երես ես տեսնում, ոչ էլ դրա գրավոր խոսքի որակն ես ըմբռնում։ Լրագրողությունն էդ մարդու տրանզիտն է։ Եվ բոլորը գտել են տրանզիտության ու պարազիտության միակ բնորոշումը՝ փոխզիջում։
Իսկ ու՞ր է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի որևէ մարզում դառնում է «ախ, իմ Հայրենիքիս ջուր»։
Թեմա
Մհեր Արշակյան










