Կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում որոշում է կայացվել 2012թ. արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500 մլն ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 280 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը թույլատրվել է նաև 2012թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 150 հազ. ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
Այս նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել փոքր և միջին ձեռնարակատերերի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների առավել բարենպաստ պայամաններով ձեռքբերումը և կիրառումը:
Կառավարությունը նիստին նաև հավանություն է տվել սեպտեմբերի 5-ին ընդունված որոշմամբ սահմանված ժամկետի երկարաձգմանը, համաձայն որի՝ ԱԱՀ վճարողները պարտավոր էին ներդնել «նոր սերնդի» ՀԴՄ-ները նոյեմբերի 1-ից: Նոր որոշման համաձայն՝ ԱԱՀ վճարողները նոր սերնդի ՀԴՄ-ները ներդնելու են դեկտեմեբրի 1-ից:
Civilnet











