Գեղարքունիքի Գավառ մարզկենտրոնում հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել կառավարության արտագնա նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Նիստի սկզբում մարզպետի 2013թ. ինն ամիսների գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը մարզին հատկացրել է անհրաժեշտ քանակությամբ սուբսիդավորված դիզվառելիք, ազոտական պարարտանյութ, առաջին վերարտադրության և էլիտային աշնանացան ցորենի, գարնանացան գարու, կորնգանի և առվույտի բարձրորակ սերմեր: Կառավարության իրականացրած աջակցության ծրագրերի շնորհիվ վերջին երկու տարում համայնքներում յուրացվել և ցանքաշրջանառության մեջ է մտցվել ավելի քան 2 հազ. հեկտար անմշակ վարելահող, զգալիորեն ավելացել է պարենային և սերմացու հացահատիկի համախառն արտադրությունը:
Մարզի բնապահպանության ոլորտի գերակա ուղղություն է մնում Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի ջրային, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության ու վերարտադրության ապահովման խնդիրը: Վերջին տարիներին կառավարության նախաձեռնած ծրագրերով իրականացված միջոցառումները թեև տվել են տեսանելի արդյունք, սակայն բոլոր հիմնահարցերի արմատական լուծման համար դեռևս որոշակի ժամանակ ու նոր ներդրումներ են հարկավոր:
Մարզպետի հաշվետվությունն ընդգրկում էր քաղաքաշինության, կապիտալ շինարարության, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, հողաշինարարության և հողօգտագործման և այլ ոլորտներում առկա ձեռքբերումներն ու խնդիրները:
Կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը: Այնուհետև նիստի մասնակիցներին է դիմել վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Հարգելի գործընկերներ, մենք երեք տարի առաջ այստեղ արտագնա նիստ արեցինք և արձանագրեցինք որոշակի խնդիրներ: Տեղյակ եք, որ մարզային այցելություններից առաջ մենք կատարում ենք սոցիոլոգիական հետազոտություններ, որպեսզի մեզ համար պարզ լինի, թե որոնք են այն հիմնարար խնդիրները, որ մարզի բնակիչները դնում են մեր առջև:
Առաջինը արձանագրում ենք, որ այս երեք տարվա ընթացքում մարզի բնակիչները տեսնում են, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզում բարելավվել է, ինչը մեզ համար չափազանց կարևոր է: Որոշակի շեշտադրումներ այս երեք տարվա ընթացքում, իհարկե, փոփոխվել են: Մարզի առաջին և ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ արտագնա աշխատանքները մարզում ավանդական բնույթ են կրում: Հստակ կան Ռուսաստանի Դաշնությունում մարզեր, քաղաքներ, որտեղ կազմակերպված ձևով ամեն տարի մարզի բնակիչները մեկնում են սեզոնային աշխատանքի և վերադառնում: Այս երեք տարվա առանձնահատկությունն այն է, որ հետճգնաժամային տարիներին Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական վիճակը բարելավվել է, և բնականաբար, արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտներն ավելացել են այդ տարիների ընթացքում: Հիշում եք, որ 2008-2009 թթ. մարզում արձանագրվել էր եկամուտների կտրուկ անկում, ավելին, շատ արտագնա աշխատանքի մեկնողներ այդ տարիներին չէին մեկնել աշխատանքի, և դա իր ազդեցությունն էր թողել մարզի վրա: Այս երեք տարվա ընթացքում սա մարզային զարգացումների առանձնահատկություններից էր:
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ եթե երեք տարի առաջ մեր առջև խնդիր էր դրվում ավելի մեծ ուշադրություն դարձնել մշակութային միջոցառումներին, որպեսզի դրանք հասանելի լինեն, ապա այս տարի առաջնահերթությունները փոխվել են: Կարևորագույն խնդիր են խմելու ջուրը, մանկապարտեզները և առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Այս երեք կարևորագույն խնդիրներն են, որոնք մարզի բնակիչները համարում են առաջնահերթ իրենց համար: Միաժամանակ աշխատատեղերի առումով գոյություն ունի կառուցվածքային խնդիր. այն թափուր աշխատատեղերը, որ մենք ունենք մարզում, չեն համալրվում, աշխատատեղերի հիմնական պահանջարկը բանվորական աշխատանքն է: Շուրջ 1400 այդպիսի հայտ ունի մեր սոցիալական ծառայությունը, որ մարդիկ ուղղակի պատրաստ են բանվորական աշխատանքով զբաղվել: Այդ առումով ես այսօր արդեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել եմ, որպեսզի մենք ըստ մարզերի քննարկենք կառուցվածքային այս խնդիրները, որովհետև տեղյակ եք, որ նույն Դիլիջանում մենք ունենք բանվորական աշխատուժի պահանջարկ և նույնիսկ այս տարի արձանագրել ենք, որ Տաջիկստանից աշխատողներ են եկել Հայաստան, որպեսզի շինարարական աշխատանք իրականացնեն այն պարագայում, երբ Մարտունիում, Գավառում, Վարդենիսում ունենք աշխատուժի ավելցուկ և պետք է կարողանանք այդ թափուր աշխատատեղերը ժամանակին բացահայտել և ներհանրապետական աշխատուժի հոսք կազմակերպել: Այստեղ խնդիրը նույնպես վերաբերում է մեր նոր ակտիվ սոցիալական ծառայությունների մատուցման ծրագրին. մասնավորապես, եթե մենք ապահովեինք այդ աշխատողներին կեցավայրով, սնունդով, ապա նրանք կհամաձայնեին տեղափոխվել Գեղարքունիքի մարզից Տավուշի մարզ և այդ սեզոնային աշխատանքներն իրականացնել: Դա նշանակում է, որ այդ սոցիալական ակտիվ ծրագրերն այսօր պահանջված են և կարող ենք այդտեղ բավական լուրջ արդյունքներ ստանալ»:
Վարչապետը նշել է, որ կառավարության առջև մի շարք խնդիրներ են դրել մարզի, մասնավորապես` Վարդենիս քաղաքի և այլ համայնքների բնակիչները: Կա որակյալ մասնագետների, այդ թվում` բժիշկների կարիք: Ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության նախարարները հանձնարարություն են ստացել մեկ ամսվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել, թե ինչ որոշումներ է պետք ընդունել, որպեսզի մարզերում լուծվի մասնագետների պակասի հարցը:
Վարդենիսի բնակիչներն այսօր վարչապետին են դիմել նաև 2011թ. սերմերի մատակարարման ծրագրի առնչությամբ: Նրանք մինչև այժմ չեն հատուցել այն ծախսը, որ պետությունն իրականացրել է` սերմեր տրամադրելով: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ իրենց ոչ թե սերմ են տրամադրել, այլ ցորեն: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ծառայողական քննություն կատարել և պարզել խնդիրը:
Civilnet











