Ռուս գնդապետն ու Զորի Բալայանը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» պաշտոնաթերթին տված հարցազրույցում Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի Գյումրիի և Երևանի կայազորերում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկին հայտարարել է. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժային ճանապարհով իրավասության վերականգնման դեպքում ռուսական ռազմական բազան կարող է մասնակցել զինված հակամարտությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Ռուսաստանի Դաշնության պայմանագրային պարտավորություններին համապատասխան»:
Փաստացի ռուս բարձրաստիճան զինվորականն առաջին անգամ է հայտարարում, որ Հայաստանում տեղակայված ռազմաբազան կմիջամտի, եթե Ադրբեջանը հարձակվի Լեռնային Ղարաբաղի վրա: Տևական ժամանակ Հայաստանի փորձագիտական շրջանակները ռուսներին քննադատում էին, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան չեզոք է պահում իրեն հայ-ադրբեջանական հակամարտությունում:
Ուշագրավ է, որ 102-րդ բազայի հրամանատարը ռուսների միջամտության մասին խոսում է ոչ թե Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համատեքստում: Գնդապետ Ռուզինսկին որպես հիմնավորում վկայակոչում է ՀԱՊԿ շրջանակում Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունները: Ուշագրավն այն է, որ ՀԱՊԿ անդամ է Հայաստանի Հանրապետությունը, իսկ Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, այսինքն՝ իրավական առումով ՀԱՊԿ-ով Ռուսաստանի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի վրա չեն տարածվում:
Հարց է առաջանում, այդ դեպքում 102-րդ բազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ինչու է նման հայտարարություն անում:
Ռուսները թերևս բարձրաստիճան զինվորականի շուրթերով խոսոտովանում են, որ Ղարաբաղի խնդիրը նաև Ռուասաստանի խնդիրն է: Տարօրինակ զուգադիպությամբ՝ հարցազրույցի հրապարակումից երեք օր հետո՝ հոկտեմբերի 13-ին, «Ղարաբաղին տեր լինելու» մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ գրեց գրող-հրապարակախոս Զորի Բալայանը (իհարկե, առանց ոչ Բաղրամյան 26-ի գիտության և ուղղորդման):
Նույն ասելիքով, բայց տարբեր ձևակերպումներով համաժամանակյա այս հայտարարությունները հազիվ թե պատահականություն են: Առաջին հայացքից, ռուս զինվորականի հայտարարությունը բխում է Հայաստանի շահերից, քանի որ ռազմավարական գործընկերը փաստացի պարտավորվում է հօգուտ Հայաստանի միջամտել Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմում: Սակայն, մյուս կողմից, որևէ երաշխիք չկա, որ Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ Ռուսաստանը փորձում է զբաղվել Ղարաբաղի խնդրով՝ որպես սեփական խնդիր, ինչը ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանը ձգտելու է խնդրի հայանպաստ կարգավորման կամ ընդհանրապես կարգավորման:
Դերենիկ Մալխասյան
Civilnet










