Գլխավոր Լրահոս

«Բեսպրեդելը» կործանարար է բոլորի համար

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանդիպել է նոյեմբերի 5-ին ձերբակալվածների հետ, և որ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հաղորդել են, որ ոստիկանությունում իրենց անձամբ ծեծել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նրանք նաև սպառնալիքներ են ուղղել Շանթի տղայի հասցեին և սեռական բնույթի հայհոյանքներ տվել, փորձել ստորացնել ձերբակալվածներին:

Այս հաղորդագրությանը չհավատալու հիմք չունենք: Ավելին, սա հենց ռեժիմին հատուկ ձեռագիրն է: Հայաստանում իշխանությունը երբեք հակված չի եղել իրավական երկիր կառուցելու, սակայն օրենքը, որպես հաստատված խաղի կանոն, առավելապես ոտնահարվել է Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ: Մարդկանց մի խումբ, ապօրինի տիրանալով իշխանությանը, իշխանական ռեսուրսներին, օգտագործում է ուժային կառույցները, պետական և քրեական այլ ինստիտուտներ՝ օրենքը բացառելու համար: Եվ իզուր չէ, որ աննշան հանցագործություն կատարողը կարող է հայտնվել բանտում, իսկ ռեժիմի մերձավոր մարդասպանը վայելել ազատություն:

Ոստիկանապետի և փոխոստիկանապետի արածը կարող է ընդունելի լինել միայն «բեսպրեդելի» համար: Վարքագիծ, որ որդեգրել են Հայաստանում իշխանություն վերցրածները: Իսկ «բեսպրեդելը» այն է, ինչից վախենում են թե՛ օրինապաշտ քաղաքացիները, թե՛ սեփական օրենքներով առաջնորդվող գողական աշխարհը:

Վլադիմիր Գասպարյանը և Սերժ Սարգսյանը զանգվածաբար խախտելով օրենքները՝ դադարում են լինել ոստիկանապետ և նախագահ: Եվ իշխանությունը պահելու գործում միակ զենքը մնում է «բեսպրեդելը»: Սովորաբար սա է համարվում պետության փաստացի կործանումը: «Բեսպրեդելը» հատուկ վախ ունի արտաքին հզոր ուժի նկատմամբ և հակված է նրան ստրկորեն ենթարկվելու՝ ցանկալի է սեփական «զոնայում» տեր ու տիրական լինելու պայմանով: Վերջնական ձևակերպումներից հետո սա լինելու է պետության իրավական կործանումը: Արտաքին հզոր ուժը օգտագործելու է «բեսպրեդելը» պետության պահպանման համար պայքարող ուժերի ոչնչացման համար, այնուհետև ոչնչացնելու է նույն «բեսպրեդելին», որովհետև նույն տարածքը չի կարող երկու տեր ու տիրական ունենալ: Եվ «զոնայում» հաստատվելու է արտաքին հզոր ուժի կարգը:

Շանթ Հարությունյանի սկսած «հեղափոխությունը» վերջին տարիներին ձևավորված հասարակական պահանջի իրականացումն է ընդամենը: «Բեսպրեդելը» կարող է վերացվել միայն ուժային միջոցներով: Իր քայլերով Շանթը հետաքրքիր ուղերձներ հղեց հասարակության տարբեր խմբերի: Ի դեպ, այդ խմբերից շատերի գործողությունները կարող են լինել զգալիորեն դաժան: Նոյեմբերի 5-ին մենք տեսանք, որ քաղաքացիական հագուստով ոստիկան-սադրիչի ընկնելուց հետո Շանթի կողմնակիցները դադարեցին նրան խփել, որովհետև նրանց դավանած արժեհամակարգով արգելված է ընկածին խփել: Իսկ ինչպե՞ս պատասխանեց դրան ոստիկանությունը: Տաքսու մեջ ծեծեց Շանթի որդուն կամ հաշվեհարդար տեսավ ձերբակալվածների հետ: Տմարդու արարք, որը կարող է հարգված լինել միայն «բեսպրեդելի» կողմից: Խնդիրն այն է, որ «բեսպրեդել» ուժեր կարող են հայտնվել նաև իշխանություն գրավածների դեմ, որոնք Շանթի արժեքները չեն դավանի, և մի օր Վլադիմիր Գասպարյանի, Հունան Պողոսյանի և նրանց ընտանիքի անդամների հետ վարվեն այնպես, ինչպես նրանք են այսօր վարվում ձերբակալվածների հետ: Իսկ սա, մեղմ ասած, լավ բանի չի բերելու: Ու քանի այդ օր չի հասել, լավագույն տարբերակը իշխանությունը հանձնելն է օրենքը հարգել կարողացող քաղաքական ուժերին:

«Բեսպրդելը» կատարյալ կործանում է նշանակում թե՛ հայոց պետականության, թե՛ իշխանության համար: Ժամանակ չկա, Շանթն իր գործողություններով սկսել է հետհաշվարկը, շտապեցե՛ք:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում