Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 7-ին հաստատել է $72 մլն վարկի տրամադրումը Հայաստանին Զարգացման քաղաքականության առաջին գործառնության (ԶՔԳ) ներքո։ Հատկացվեիք միջոցները ուղղված են լինելու մակրոտնտեսական կայունության խթանման, գործարար միջավայրի բարելավման, տնտեսության կայունության մեծացման միջոցով ցնցումների նկատմամբ ճկունության ապահովման բարեփոխումներին:
Համաշխարհային բանկի հաղորդագրության համաձայն՝ սա երեք ԶՔԳ-ների շարքի առաջին ծրագիրն է, որը կօգնի Հայաստանին իր ռազմավարական նպատակների իրականացման հարցում, մասնավորապես՝ աշխատատեղերի ստեղծման հարցում, որը զարգացման ճանապարհին Հայաստանի հիմնական մարտահրավերն է: Ծրագիրը նպատակ ունի օգնել Հայաստանին կրճատելու աղքատությունը և նպաստելու ընդհանուր բարեկեցությանը՝ աճը խորացնող բարեփոխումների ճանապարհով:
«Այս ԶՔԳ-ի ներքո նախատեսվում է ծրագրային աշխատանքների շարք, որը կլրացնի Հայաստանի զարգացման պատկերը»,- ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին` հավելելով, թե առաջարկվող նոր շարքում ճգնաժամի հանդեպ խոցելիությունների մեղմացումից շեշտադրումը փոխվում է դեպի միջնաժամկետ օրակարգ, դեպի աճի շարժիչ գործոնների ամրապնդում: Բանկը պատրաստ է աջակցել այս մարտահրավերներին դիմակայելու պատկան մարմինների ջանքերին:
Ծրագիրը կառուցված է երկու հենասյուների շուրջ: Առաջինը՝ գործարար միջավայրի ու հանրային վարչարարության կարևորագույն բարեփոխումների միջոցով նպատակ ունի ամրապնդել մրցունակությունը: Երկրորդը՝ ցնցումների նկատմամբ տնտեսության ճկունության մեծացումն է ու երկարաժամկետ կայունության ապահովումը՝ հարկաբյուջետային տիրույթի ձևավորման, սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործման, հանրային ծառայություններն ու ապրանքները ավելի լայնորեն հասանելի դարձնելու և շրջակա միջավայրը պաշտպանելու միջոցով:
Զարգացման քաղաքականության առաջին գործառնությունը ներառում է $41 մլն փոխառություն Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ) և $31 մլն-ի վարկ` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ): ՄԶԸ-ի փոխառությունը տրվում է 25 տարով, այդ թվում` 5 տարի արտոնյալ ժամանակաշրջան, իսկ ՎԶՄԲ-ի վարկը տրվում է 25 տարով և ունի 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան:
1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ.՝ ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է $1,746 մլրդ։
Civilnet











