Գլխավոր Լրահոս

Ամեն ինչ կարող է սկսվել շատ անակնկալ

Ամեն ինչ կարող է սկսվել շատ անակնկալ

Հայաստանում օր օրի մեծանում է իշխանության փոփոխության հանրային պահանջը: Ընդ որում, այդ պահանջը հասունացնում է ինքը՝ իշխանությունը: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը իշխանությունը պահելու և այն իրացնելու կախման կետ այլևս չունի: Երկրի բարձրագույն ղեկավարությունը ձախողել է տնտեսության կառավարումը, արտաքին և ներքին քաղաքականությունը, երկրում ստեղծել է արդարադատության աննախադեպ պակասորդ: Այս ամենը միայն բառեր չեն, այլ իրողություն են կոնկրետ փաստերով և գործերով:

Արտագաղթի ահագնացող ցուցանիշները, 25-ից 37 տոկոսի հասած աղքատությունը, կառավարության՝ տնտեսական աճի հարցում շուրջ 25 տոկոս սխալվելու փաստն ու աշխարհում գրանցված երկրորդ ամենամեծ տնտեսական անկումը, արտաքին քաղաքականության ասպարեզում հայ-թուրքական գործընթացի տապալումը, Եվրոպական Միության հետ չորս տարի բանակցելուց հետո նվաստացուցիչ պայմաններով Մաքսային միություն մտնելը,- սրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած նախագահի կամ առնվազն կառավարության հրաժարականի հիմք է:

Սակայն երկրի կառավարումը հիմնովին ձախողած Սերժ Սարգսյանը չի մտածում քաղաքակիրթ նահանջի մասին: Խնդիրը իշխանություն ունենալու մոլագարության հասնող ցանկությունն է և այն կորցնելու դեպքում սեփական անձի և նյութական կարողության առումով անվտանգության երաշխիքների բացակայությունը: Այս երկու գործոններն են, որ նրան ստիպում են մինչև վերջ կառչել աթոռից:

Այս ամենով հանդերձ՝ բոլոր առումներով ձախողված իշխանությունը շարունակում է ոչ թե կառավարել, այլ իշխել երկիրը միայն այն պատճառով, որ իշխանափոխության հանրային պահանջը համախմբող, կարգավորող և առաջնորդող քաղաքական էլիտա չկա, եղածն էլ բավարար ռեսուրսների չի տիրապետում: Քաղաքական-հասարակական և լրատվական շրջանակներում ակտիվ քարոզվում և քննարկվում է իշխանափոխության, հեղափոխության, համակարգային փոփոխությունների, հեղաշրջման և Սերժ Սարգսյանի հրաժարականի թեմաները, սակայն գործնականում այդ նպատակի համար քաղաքական, իսկ այնուհետ հանրային համախմբում չի իրականացվում: Պատճառը հայ քաղաքական և բիզնես էլիտայի պետական մտածողության բացակայությունն է: Այդ էլիտա կոչվածը հիմնականում ընդունակ չէ վեր կանգնել տարատեսակ նեղ անձնական և խմբային շահերից ու զբաղվել պետական և հանրային շահի սպասարկմամբ:

Սերժ Սարգսյանը, լավ ծանոթ լինելով էլիտա կոչվածի այդ նրբերանգներին, բավական պրոֆեսիոնալ խաղում է հենց այդ շահերի և ամբիցիաների վրա, ձևավորում կեղծ օրակարգեր և պայքարի կեղծ թիրախներ:

Այս ամենով հանդերձ՝ Հայաստանում օբյեկտիվորեն այնքան է հասունացած հեղափոխության կամ իշխանափոխության պահանջը, որ ոչ մի երաշխիք չկա, որ Սերժ Սարգսյանին կհաջողվի ներքաղաքական մանուպուլյացիաների և քաղաքական կոռուպցիայի գործադրման միջոցով իշխանությունը պահել:

Ամեն ինչ կարող է սկսվել շատ անակնկալ:

 Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում