Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովը քվեարկության դրեց կառավարության ներկայացրած և անցած քառօրյային քննարկված Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի նախագիծը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կոչ արեց դեմ քվեարկել օրենքի նախագծին, որովհետև «հազարավոր երեխաներ ապրում են աղքատության մեջ և սոված են քնում, և անբարոյական է կողմ քվեարկել այսպիսի օրինագծի»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խնդրեց չվիրավորել գործընկերներին և կոռեկտություն դրսևորել: Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտնեց, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկում, «որովհետև երկիրը թաղված է կոռուպցիայի և աղքատության մեջ»:
«Ժառանգության» պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ կան օրենքի հետ կապված տարընթերցումներ, բայց խոսքը վերաբերում է 165,5 հազ. մարդու, և ոչ թե միայն 500 պետական բարձրաստիճան պաշտոնյաներին: «Ովքեր դեմ են, կարող են իրենց աշխատավարձից հոժարակամ հրաժարվել: Սա ռեֆորմ է, որ պետությունը փորձում է 20 տարի իրականացնել»,- ասաց Արզումանյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկում օրենքի նախագծին և «պետք է, որ 160 հազ. մարդու աշխատավարձը բարձրանա ավելի բարձր գործակցով, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումն անընդունելի է»:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը ներկա չէր եղել հարցի քննարկմանը, նշեց. «Բարձրացնում եք իշխանության աշխատավարձը, եղբայր, շատ լավ, բայց իշխանությունը իրավունք չունի իր աշխատավարձը բարձրացնի: Իշխանությունը պետք է բարձրացնի հաջորդ իշխանության աշխատավարձը, իսկ ընդդիմությանը պարտավոր եք բարձրացնել անմիջապես: Եվ սա կատակ չէ»:
Ազգային ժողովը ընդունեց օրենքի նախագիծը ձայների 69 կողմ, 31 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծով պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձը սահմանվելու է` հիմք ընդունելով բազային աշխատավարձը (2014թ. հուլիսի 1-ից նախատեսվում է սահմանել 66 հազ. դրամ) և յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանված գործակիցը։ Ըստ այդմ՝ հուլիսի 1-ից նախարարների աշխատավարձը կկազմի 792 հազ. դրամ, պատգամավորներինը՝ 660 հազ. դրամ։ Քաղծառայողների, հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացման նպատակով բյուջեի ծախսերը կավելանան 36,6 մլրդ դրամով:
Civilnet











