Ինչո՞ւ հենց Վարդանի առիթով ծագեց խափանման միջոցի անհարկի կիրառման հարցը
Մտավորականները խառն են՝ ձերբակալվել է դերասան Վարդան Պետրոսյանը։ Դերասան Լևոն Հարությունյանը հեղափոխության կոչ է անում։ Ճիշտ է, այլ առիթով, բայց Վարդանի ձերբակալությունից առաջ հեղափոխության ակնարկ անգամ չի արել։ Հրանտ Թոխատյանը հոգու խորքում հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից։ Հասկանո՞ւմ եք` մի արտիստի ձերբակալություն նման մտադրության առիթ է դարձել։ Որովհետև Վարդանը նրա ընկերն է, մարդը ուզում է օգնել ընկերոջը։ Միքայել Պողոսյանն ասում է, որ անիմաստ է այս երկրում մնալը։ Երեք տասնյակ մտավորական պահանջում է փոխել խափանման միջոցը։ Վահրամ Սահակյանը Վարդանին կալանավորած դատական մարմինների մասին ասում է՝ ծնվել են սովորական պոռնիկից։
Գործին մտադիր է խառնվել Սերժ Սարգսյանը։ Նրա մամուլի քարտուղարն ասում է, որ խափանման միջոցի հիմնահարցերին միջամտելու անհրաժեշտություն է առաջանում։ Այսինքն, մի բան պետք է անել, որ Վարդանի խափանման միջոց կալանքը փոխվի։ Մարդը երկրից փախչող չէ։ Տրամաբանական է, որ գործին պետք է խառնվի պարոն Սարգսյանը։ Որովհետև Հայաստանի տիպի երկրներում, եթե Վարդանը բնակչության կեսին էլ վրաերթի ենթարկած և սպանած լիներ նույնիսկ թմրամիջոցի ազդեցության տակ, էլի դժվար կլիներ ասել՝ նա մեղավո՞ր է, թե՞ ոչ։ Մարդուն մեղավոր համարելու համար նորմալ երկրում նայում են օրենքի կողմը։ Հենց օրենքն էլ որոշում է՝ կալանքի տակ վերցնե՞լ այդ մարդուն` ըստ իր մեղքի աստիճանի, թե՞ ոչ։ Իսկ քանի որ սա Հայաստանն է, ոչ ոք չի հասկանում՝ էդ ի՞նչը նկատի ունեն մեր իրավապահները, որ Վարդանին կալանավորել են։
Մարդիկ արխիվներից տեքստեր են վերհանում, թե ինչ է ասել Վարդանը մեր իշխանությունների մասին։ Իսկ ի՞նչ է ասել։ Մի առիթով ասել է՝ հա´յ ժողովուրդ, ոտքի´ կանգնիր։ Մոնոներկայացման ժամանակ դերասանը միտինգ է արել և միանգամայն անհասցե մեղադրել, Աստված գիտի, թե ում` Հայաստանն էս օրին հասցնելու համար։ Եթե հայ ժողովուրդը մեղավոր չէ, նշանակում է մեկի դեմ պետք է ոտքի կանգնի։ Իսկ եթե մեղավոր է, ինչպե՞ս և ո՞ւմ դեմ ոտքի կանգնի հայ ժողովուրդը։ Իսկ երբ ոտքի էր կանգնում ընտրակեղծարարությամբ իշխանություններ ձևավորելու համար, որտե՞ղ էին մտավորականները, նաև՝ Վարդան Պետրոսյանը, որը միացավ միայն Րաֆֆիի շարժմանը` Րաֆֆիի նման չհստակեցնելով, թե ուզածն ինչ է։
Նրա ազատությունը պահանջում են մինչև վերջ բարոյալքված իշխանություններից և դատական համակարգից։ Եթե նրան ազատ արձակեցին, մտավորականները հանգստանալու են, այսինքն, երկրի մնացած խնդիրները ինչպես եղել են երկրորդ պլանում, այդպես էլ մնալու են երկրորդ պլանում, եթե ազատ չարձակեցին, պայքարը լինելու է միայն Վարդանին ազատ արձակելու ուղղությամբ, չի բացառվում նաև մի բաց նամակ Սերժ Սարգսյանին։ Փաստ է, որ պարոն Սարգսյանն արդեն ակնարկել է Վարդան Պետրոսյանին մինչև դատավարություն ազատ արձակելու մասին, այսինքն, հրահանգը տվել է։ Փաստ է, որ Վարդանն ազատ կարձակվի։ Մտավորականը, մտքի ներկայացուցիչը մտածելո՞ւ է, թե ինչու հենց Վարդանի առիթով ծագեց խափանման միջոցի անհարկի կիրառման մասին բարձրաձայնելու հարցը։ Ծագեց, որովհետև եզակի առիթ է Սերժ Սարգսյանին լեգիտիմացնելու նրանց բերանով, որոնց հեղափոխության կոչը կամ վաստակավոր արտիստի կոչումից հրաժարվելու խոսքը որոշ ցնցումներ է առաջացնում մարդկանց հոգիներում։
Վարդան Պետրոսյանը լուծում է նաև մեկ այլ խնդիր՝ ինքը մի շարք թեմաներ վերցնում է իր վրա, ասենք, տրանսպորտի գնի բարձրացման աղմուկը։ Նրան ձերբակալված պահելով` բոլորին համախմբում ես այդ թեմայի շուրջ, իսկ Տարոնը բարձրացնում է տրանսպորտի գինը։ Մտավորականները շարունակում են սպառնալիքներ տեղալ իշխանության հասցեին, սակայն միայն Վարդանի թեմայով, տրանսպորտի գնի մասին ցանկացած խոսակցություն համարվելու է շեղում գլխավոր թեմայից։ Այս ոճը Սերժ Սարգսյանինն է, առջևում դեռ սպասվում է Վիլնյուսը, որոշ աղմուկ էլ կապահովի այս թեման, թե ինչ փաստաթուղթ ստորագրվեց և ինչու հատկապես դա։ Հիմա մինչև նոր տարի լուծվելու է միայն մեկ հարց` ինչպե՞ս առանց աղմուկ-աղաղակի բարձրացնել տրանսպորտի գինը։ Վարդանը Սերժ Սարգսյանի պատանդն է, դերասանի շնորհիվ պարոն Սարգսյանը մնալու է բեմի կենտրոնում որպես նախագահ, և բացի դրանից «սըղըցնելու» է տրանսպորտի թանկացումը։ Իսկ հիշյալ դերասանները, տեղյակ եք, քաղաքային տրանսպորտով չեն երթևեկում, էդ նրանց բողոքը չէ։
Թեմա
Մհեր Արշակյան










