Գլխավոր Լրահոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվեց

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվեց

ԿԲ խորհուրդը որոշել է 0,5 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8%-ի մակարդակում:

Կենտրոնական բանկը թուլացնում է դրամավարկային քաղաքականություն հանուն տնտեսական աճի. 2013թ. նոյեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է 0,5 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8%-ի մակարդակում: ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ վերանայել էր օգոստոսի 10-ին՝ այն բարձրացնելով 0,5 տոկոսային կետով։

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ 2013թ. հոկտեմբերին արձանագրվել է 0,3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,2%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը շարունակել է նվազել և հոկտեմբերի վերջին կազմել է 7,1%: «Գնաճի նվազող վարքագիծը հիմնականում պայմանավորվել է ԿԲ կողմից դրամավարկային պայմանների խստացմամբ և նախանշվածից ցածր տնտեսական աճի տեմպերով: Խորհուրդը կարծում է, որ 12-ամսյա գնաճի նվազումը շարունակվելու է նաև առաջիկա ամիսներին՝ վկայելով գնաճի սպասումների հիմնականում խարսխված լինելու մասին»,- նշված է ԿԲ տարածած հաղորդագրությունում։

Ըստ ԿԲ-ի՝ արտաքին հատվածը գտնվել է կանխատեսումների շրջանակներում: Ընդ որում, պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում ձևավորվել է ոչ գնաճային միջավայր: ԿԲ խորհուրդը, այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից լրացուցիչ գնաճային ճնշումներ չի ակնկալում:

«Խորհուրդը գնահատեց, որ Հայաստանի տնտեսության զարգացումներն անցած ինն ամիսների ընթացքում բնութագրվել են շինարարության ճյուղի ավելացված արժեքի նվազման ներքո տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ և էներգակիրների սակագների բարձրացման հետևանքով ձևավորված բարձր գնաճային միջավայրով: Տարվա սկզբից կառավարության կողմից իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը ևս նպաստել է ցածր ներքին պահանջարկի ձևավորմանը, սակայն արդեն չորրորդ եռամսյակից իրականացվում է ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն, որը, համաձայն «ՀՀ 2014թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթների, շարունակվելու է հաջորդ ողջ տարվա ընթացքում»,- նշված է հաղորդագրությունում:

Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների ներկայիս թուլացումը համարժեք է տնտեսական ակտիվության դանդաղմանն ու գնաճային միջավայրի մեղմմանը, իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաև հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքով:

Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսական սպասվող զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ կանխատեսման համեմատ ավելի արագ նվազելով, 2014թ. կեսերին կվերադառնա նպատակային մակարդակ և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում