Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում, որտեղ մեծամասնություն են կազմում քրդերը, հռչակվել է Արևմտյան Քրդստանի (քրդերն անվանում են Ռոժավա) ժամանակավոր կառավարության ստեղծման մասին: Այսպիսի որոշում է կայացվել Ղամըշլու քաղաքում՝ երկու օր տևած քննարկումներից հետո, հաղորդում է քրդական Firat գործակալությունը:
Ստեղծվել է 82 անձից բաղկացած մեջլիս, որում բացի քրդերից ընդգրկված են նաև արաբներ, չեչեններ և քրիստոնյաներ: Ժամանակավոր կառավարությունը Ռոժավան բաժանել է երեք ինքնավար շրջանների՝ Աֆրին, Քոբանի և Ջըզիր: Այս ամեն հետևում կանգնած է քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը:
Արևմտյան Քրդստանի անունից հանդես է եկել մեջլիսի անդամ Հաքամ Խալոն` նշելով, որ հայտարարված կառավարությունը ժամանակավոր է և իրականացնելու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Խալոն միաժամանակ նշել է, որ իրենք զբաղվելու են Ռոժավայի ինքնապաշտպանության, ինչպես նաև քաղաքական և տնտեսական հարցերով:
Քրդերի հաջողությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ նրանք կարողացան համախմբվել և հետ մղել ծայահեղական խմբավորումներին, մասնավորապես` Թուրքիայից օժանդակություն ստացող «Ալ Նուսրա» ճակատին:
Փաստորեն, քրդերը փորձում են ամրագրել իրենց իշխանությունը Սիրիայի քրդաբնակ շրջաններում: Ժամանակավոր կառավարության հռչակումը կարող է առաջին քայլը լինել ինքնավարության ճանապարհին: Մի բան ակնհայտ է, որ քրդերի ակտիվացմամբ Սիրիայի հակամարտության պարագայում դրությունը կարող է էլ ավելի սրվել: Ամեն դեպքում, Թուրքիան փորձելու է ճնշել Սիրիայի քրդերի հետագա քայլերը:
Գոռ Երանյան
Civilnet











