Գլխավոր Լրահոս

Գթասիրտ նախագահի հրաժարականը

Գթասիրտ նախագահի հրաժարականը

Դերասան Վարդան Պետրոսյանի շուրջ կատարվող իրադարձությունները դժվար է մեկնաբանել: Մարդկային վերաբերմունքը, հուզականությունն ու բարոյականությունը ոչ միշտ է, որ համահունչ են իրավունքի գերակայությանն ու արդարադատությանը: Ավելին, այս կատեգորիաները հաճախ հակադիր են: Հայտնի դերասանի հետ պատահածը և դրա հետ կապված զարգացումները հենց այդ հակադրության համատեքստում են:

Իրավիճակը ավելի է բարդանում, երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանում արդարադատություն իրականացնում են ոչ թե դատարաններն ու իրավապահ համակարգը, այլ բարձրագույն քաղաքական իշխանությունը, իսկ ավելի ցածր մակարդակներում՝ «կարծր արտարժույթը»:

Վարդան Պետրոսյանի հետ կապված պատահարի իրավական մանրամասների մեջ պետք չէ խորանալ՝ հասկանալու, որ Սերժ Սարգսյանի փիար մասնագետները հերթական անգամ ներկայացում են բեմադրում: Վարդան Պետրոսյանին վերապահված է գլխավոր դերը, սակայն նա այդ մասին տեղյակ չէ, պարզապես նրան և կատարված ողբերգությունը օգտագործում են Սերժ Սարգսյանին դիվիդենտներ բերող քաղաքական շոու բեմադրելու համար: Ի տարբերություն Վարդան Պետրոսյանի՝ բեմադրության մասնակիցներից շատերը քաջատեղյակ են իրենց մասնակցության մասին ու աշխատում են դերասանական վարպետությամբ գոհացնել նախագահականի մասնագետներին: Շատերն էլ ազնիվ մղումներով են մասնակցում այդ ներկայացմանը՝ արդարացիորեն կարծելով, որ անպատժելիության մթնոլորտում հանցագործության ոչ դիտավորյալ մասնակցի նկատմամբ ոչ համաչափ պատիժ չպետք է կիրառվի:

Ակնահյտ էր, որ Վարդան Պետրոսյանին կալանքի տակ վերցնել-չվերցնելու թեման հանրության ուշադրությունը գրավելու համար հակասական տեղեկատվությամբ վերահսկելի լրատվամիջոցներով ուռճացվեց: Դերասանին կալանքի տակ վերցնելուց հետո սկսվեց շոուի հիմնական մասը, որի ընթացքում անհրաժեշտ էր «հանուն Վարդան Պետրոսյանի ազատության» հնարավորինս լայն մոբիլիզացիա ապահովել: Ճիշտ է՝ այդ մոբիլիզացիան հիմնականում սոցցանցերում էր ու լրատվամիջոցների էջերում, բայց կարևորը մեծ աղմուկն էր: Գործին խառնվեցին նաև տարբեր ոլորտներում հանգրվանած պալատական գործիչները, որպեսզի շոուն առավել մասշտաբային տեսք ստանա ու երկրի գրեթե թիվ մեկ խնդիրը դառնա:

Այս թոհուբոհի մեջ ճիշտ պահին Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հայտարարեց, որ «խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում»: Սարգսյանի քչախոս խոսնակը Վարդան Պետրոսյանի գործով հարկ համարեց խոսել, քանի որ նախագահականում խիստ կարևորում են ճիշտ ժամանակին Սարգսյանի հայտնվելը: Գործող իրավապահ համակարգում, եթե Սերժ Սարգսյանը ինչ-որ բանի անհրաժեշտություն է տեսնում, ապա իրավապահների համար նրա տեսած անհրաժեշտությունը օրենսդրական և սահամանդրական նորմերից բարձր արժեք ունի՝ «նրա ցանկությունը օրենք է» սկզբունքով:

Սերժ Սարգսյանի՝ օրեցօր ավելացող հրաժարականի կոչերի ֆոնին նախագահականի փիար մասնագետները թույլ փորձ կատարեցին «բարի թագավոր, չար բոյարներ» սցենարը ևս մեկ անգամ պտտեցնելու, հանրությանը զբաղեցնելու և գործող նախագահին ներողամիտ ու գթասիրտ գործչի պատկերով ներկայացնելու համար: Դերասան Վարդան Պետորսյանը, որը քննադատում էր գործող իշխանություններին, հայտնվել է դժբախտության մեջ, իրավապահ համակարգը ճիշտ չի աշխատել, Սերժ Սարգսյանը միջամտում է և «չար» իրավապահ համակարգի ճիրաններից ազատում իրեն քննադատող Վարդան Պետրոսյանին. պարզունակ, բայց հուզիչ սցենար: Այսքանից հետո մի քիչ անհարմար կլինի պահանջել նման «գթասիրտ» նախագահի հրաժարականը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում