Գլխավոր Լրահոս

Տրանսֆերտների ստերիլիզացիա. Բագրատյան-Ջավադյան բանավեճի հետքերով

Տրանսֆերտների ստերիլիզացիա. Բագրատյան-Ջավադյան բանավեճի հետքերով

Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի միջև օգոստոսի 14-ին բանավեճ ծագեց այն հարցի շուրջ, թե պե՞տք է արդյոք ստերիլիզացնել տրանսֆերտները:

«Ստերիլիզացնել» տերմինի հայերեն հոմանիշը չկա, իսկ դրա տնտեսագիտական նշանակությունը հետևյալն է. կենտրոնական բանկերը «քաշում են» շուկայում առկա ավելորդ փողերը: Օրինակ՝ Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ իրականացնում է արտարժույթի ստերիլիզացիա, երբ նավթի գների բարձրացման հետևանքով երկիր մուտք են գործում հավելյալ արտարժութային միջոցներ՝ ամրապնդելով ռուբլին և խոչընդոտ ստեղծելով արտահանողների համար: Այդ ժամանակ Ռուսաստանի կենտրոնական բանկը բաց շուկայում գնում է «ավելորդ» դոլարները, ստեղծում կայունացնող ֆոնդ: Իսկ ռուբլու արժեզրկումից խուսափելու համար զուգահեռ իրականացնում են ռուբլու քանակի կարգավորում (արժեթղթերի թողարկման և կենտրոնական բանկում դեպոնացման միջոցով):

Բագրատյանի գաղափարը շատ պարզ է: Հայաստանը մեծ քանակությամբ տրանսֆերտներ է ստանում, ինչը բացասաբար է անդրադառնում փոխարժեքի վրա՝ արհեստականորեն ամրապնդելով դրամն ու վատացնելով երկրի արտաքին առևտրի հաշվեկշիռը: Դրանից խուսափելու համար, ըստ նրա, պետք է իրականացնել տրանսֆերտների ստերիլիզացիա, իսկ կայունացման ֆոնդում հավաքվող գումարներով ֆինանսավորել ներդրումները: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ առանց այդ էլ այս տարի շուկայից 45 մլն դոլար են գնել, սակայն ստերիլիզացման բագրատյանական տարբերակն անընդունելի համարեց:

Փորձենք գնահատել՝ կարո՞ղ է իսկապես ԿԲ-ն իրականացնել տրանսֆերտների ստերիլիզացում, ու ի՞նչ հետևանքներ այն կարող է առաջացնել:

Հայաստանի տրանսֆերտների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) 2012 թ. կազմել է մոտ 1,4 մլրդ դոլար, 2013 թ. հավանաբար կկազմի 1,5 մլրդ դոլար: Այդ ծավալը ստերիլիզացնելու համար ԿԲ-ն ամսական պետք է ներքաշի մոտ 120 մլն դոլար, այն դեպքում, երբ արտարժույթի շուկայական ընդհանուր շրջանառությունը (դոլար+եվրո) 400-500 մլն դոլարի սահմաններում է: ԿԲ-ի կողմից նման ծավալներով արտարժութային գործարքներն անկանխատեսելի հետևանքներ կարող են առաջացնել, իսկ փոխարժեքը գործնականում անկառավարելի կդառնա: Կարծում ենք՝ առավելագույնը ԿԲ-ն կարող է «հույս դնել» ամսական 20 մլն դոլարի վրա, սակայն նույնիսկ այդ դեպքում դրամն ուժեղ կարժեզրկվի:

Այնուամենայնիվ՝ Բագրատյանը ճիշտ է այն հարցում, որ տրանսֆերտները տնտեսությունում նարկոտիկի դեր են խաղում: Նույնիսկ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը մի անգամ ասուլիսում խոստովանեց, որ տրանսֆերտներն առաջացնում են բացասական հետևանքներ: Տողերիս հեղինակը ևս առիթ է ունեցել նշելու, որ տրանսֆերտները տնտեսությունում ստեղծում են «հոլանդական հիվանդության» ախտանշաններ՝ անաշխատ եկամուտները շատերին ետ են պահում ակտիվ տնտեսական գործունեությունից:

Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը մոտ 2,8 մլրդ դոլար է, ու տրանսֆերտներն այդ բացասական հաշվեկշիռը սնուցող հիմնական աղբյուրներից են: Սակայն տրանսֆերտների նման մեծ տեսակարար կշռի պարագայում դրանց ամբողջական ստերիլիզացումը գործնականում անհնար է ու անհեռատես: Սակայն, ցանկության պարագայում, կարելի է մասնակի ստերիլիզացիա իրականացնել: Դրա հետևանքներից մեկը կլինի դրամի արժեզրկումը՝ դրանից բխող մի շարք բացասական հետևանքներով: Սակայն դրամի արժեզրկումը միակ տարբերակն է կրճատելու 2,8 մլրդ դոլարի բացասական առևտրային հաշվեկշիռը, համենայնդեպս՝ վերացնելու դրա անոմալ բնույթը: Երբ 2012 թ. դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց 7-8%-ով, մենք արդեն 2013 թ. ունեցանք արտահանման առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ: Մինչ այդ տարիներ շարունակ ճեղքվածքը միայն խորանում էր: Ճիշտ է՝ դրական տեղաշարժն առայժմ շատ փոքր է, քանի որ բիզնեսը դեռևս չի զգում կառուցվածքային տրանսֆորմացիաների անհրաժեշտությունը: Սակայն եթե ԿԲ-ն իսկապես սկսի մասնակի ստերիլիզացման քաղաքականություն, ապա ժամանակի ընթացքում այդ փոփոխություններն ի հայտ կգան:

Սամվել Ավագյան

Լուսանկարները՝ Ֆոտոլուրի

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում