Հրաժարվել մանդատներից և դուրս գալ փողոց
Խորհրդարանական ընդդիմությունը պետք է հրաժարվի մանդատներից: Ի սկզբանէ էլ պարզ էր, որ նա որևէ քաղաքական հարց չի կարողանալու լուծել, բայց փողոցի ժողովուրդը, որը խորհրդարանական պայքարը չէր ընդունում, եթե այնտեղ ընդդիմությունը մեծամասնություն չունի, չորս ընդդիմադիր ուժերի ներկայությունը ԱԺ-ում 2012-ի հունիսին հանդուրժեց միայն այն պատճառով, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն դեռևս անիմաստության ներկայացուցիչներ չէին, դեռևս չէին դրսևորվել այս նստաշրջանում: Այսինքն, այս ընթացքը նրանց տրվեց անհատական դրսևորման համար:
Պետք է ասել, որ 5-րդ գումարման նստաշրջանի մեկուկես տարվա գործունեությունից ամենից շատ շահել է Նիկոլ Փաշինյանը: Նա միակ ընդդիմադիրն է, որին ձեռք չի տա ընդդիմադիրների բոյկոտը: Որովհետև ցանկացած քաղաքական ուժից անկախ նա կարող է դրսևորվել և ԱԺ-ն հենց այդ հրապարակային դաշտն է, որտեղ ընդդիմադիրի օրենսդրական գործունեությունը պակաս հրատապ է, քան՝ քաղաքականը: Նիկոլ Փաշինյանն ամբողջ ծավալով օգտվում է այդ հնարավորությունից: Քաղաքականը գործունեության միակ դաշտն է, որտեղ նրանք որպես փոքրամասնություն կարող էին լինել ջախջախիչ մեծամասնության՝ ՀՀԿ-ի մրցակիցը:
Մենք բոլորս տեսանք, թե ինչ դուրս եկավ այդ մրցակցությունից: Քաղաքական ընդդիմությունը խորհրդարանում ոչ օրենսդրական, ոչ էլ քաղաքական որևէ հարց չլուծեց, ընդդիմադիրների որևէ օրենսդրական նախաձեռնություն, որին գործող իշխանությունների մատը խառը չէր, չընդունվեց ԱԺ-ում: 2012-ին հասարակությունը մի կերպ մարսեց մանդատները չբոյկոտելու չորս քաղաքական ուժերի որոշումը, ենթադրելով, որ ներսից նրանք կարող էին ջլատել քաղաքական մեծամասնությանը: Ըստ էության՝ անիրականանալի բան էր, բայց հասարակությունը որոշեց, որ դա իր քարտ բլանշն է չորս քաղաքական ուժերին: Պարզ է, որ այդ խնդիրը չլուծվեց: Իսկ երբ չի լուծվում ու մանդատներից հրաժարվելու հարցն էլ չի հասունանում, փողոցում կուտակվում են հեղափոխական տրամադրություններ, մի տեղից ծլում է Շանթ Հարությունյանը ու տարերային շարժում է սկսում: Պարզ է, որ Շանթ Հարությունյանը նաև լիցքաթափում է այդ զանգվածին, բայց «բարեբախտաբար» նրան ձերբակալեցին, և ուրեմն, այդ զանգվածը շարունակելու է դուրս գալ փողոցներ:
Հետևաբար խորհրդարանական ընդդիմությունը ևս պետք է դուրս գա փողոց: Նա խորհրդարանում անելիք չունի: Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի քննարկման ՀՀԿ-ական բոյկոտը ավելորդ դարձրեց խորհրդարանում որևէ ընդդիմադիրի ներկայությունը: Այն ֆիքսեց խորհրդարանում որևէ քաղաքական գործընթացի անիմաստությունը: Այն արդեն խորհրդարան չէ. հիմա ՀՀԿ-ն արդեն նույնիսկ բաց է խաղում, որը չկար մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախնական համաձայնությունը տալու և հետո մերժելու ժամանակ:
Հրաժարվելով մանդատներից, չորս ընդդիմադիր ուժերը երկրում ստեղծելու են տոտալ հեղափոխական վիճակ, որն այսօր կա փողոցում, սակայն չկա խորհրդարանում: Այդ պահից հեղափոխությունը կմտնի խորհրդարան, ՀՀԿ-ն կդողա և չի իմանա, թե ինչպես վարվի: Մնալով խորհրդարանում՝ չորս ընդդիմադիր ուժերը միայն կոնսերվացնում են հեղափոխությունը, էլ չասած, որ խեղդում են այն: Հիմա երկրի բոլոր քիչ թե շատ ընդդիմադիր ուժերի անելիքը փողոցում է, մանդատից հրաժարվելով չորս ընդդիմադիր ուժերդ դառնում եք ամբողջ հեղափոխության տերը, ընթացքում կորոշեք, թե ով է ավելի տեր:
Փաստն այն է, որ հեղափոխությունները մեր երկրում միշտ ձախողվում են հենց այդ պատճառով, երբ ամենասկզբից են փորձում որոշարկել հեղափոխության տիրոջը: Սա այդ դեպքը չէ, փողոցը չի սպասում, փողոցն ասում է՝ իշխանությունը շնչում է ձեր թիկունքին ու մեր առջև, մենք չգիտենք, թե ինչպես վերցնել այդ իշխանությունը, մերը գնալ փրթել-թափելն է, արի ու կանոնակարգիր հեղափոխությունը, արի կանխիր արյունահեղությունը, արի ու մի թող մեզ դառնալ Շանթ, որը չգիտի, թե ինչպես ավարտել սկսածը: Հրաժարվե՛ք մանդատներից, տղերք: Եվ կտեսնեք, որ կհրաժարվի նաև Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա չի կարող բարոյական տեքստի իր տաղանդով հայտնվել ամբողջ հեղափոխության թիկունքում, երբ իր վրա նայող չկա: Փողոցի հայացքը փակ տարածության մեջ լռված ցանկացած մեկի պարտությունն է:
Մհեր Արշակյան










