«Կենսաթոշակային բարեփոխումներ. կուտակային կենսաթոշակային համակարգ և աշխատավարձեր» թեմայով Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսը։
Հայաստանում վստահության պակասի և ապագայի նկատմամբ բացասական սպասումների պայմաններում 2014թ. հունվարի 1-ից, բոլոր նրանց համար, որոնք ծնվել են 1974թ. հունվարի1-ից հետո, գործարկվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ Կենսաթոշակային բարեփոխումների ակունքներում կանգնած պաշտոնյաները, սակայն, սեփական օրինակով գործնական քայլեր չեն կատարում բարեփոխումների նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար։
Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում 2011թ. պետք է ներդրվեր կամավոր կուտակային համակարգը, այս տարի գրանցվել է կամավոր ֆոնդերի առաջին կառավարիչը, որին, սակայն, պետական պաշտոնյաները չեն շտապել կամավոր մասնակցել։ Չնայած կամավոր և պարտադիր կուտակային համակարգերի միջև առկա տարբերություններին, կամավոր բաղադրիչում պետական պաշտոնյաների մասնակցությունը կբարձրացներ այս համակարգի նկատմամբ հասարակության վստահության աստիճանը։
Կառավարությունը համակարգի նկատմամբ վստահության բարձրացման հարցում նախապատվությունը կարծես տալիս է ասուլիսներին։ Նոյեմբերի 18-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Կենսաթոշակային բարեփոխումներ. կուտակային կենսաթոշակային համակարգ և աշխատավարձեր» թեմայով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի մամուլի համատեղ ասուլիսը։
ՍիվիլՆեթի հարցին, թե ինչու բանախոսները չեն ցանկանում ունենալ բարեկեցիկ ծերություն և չեն միացել կամավոր կուտակային համակարգին, Վաչե Գաբրիելյանը նշեց, որ կամավոր կենսաթոշակային համակարգին մասնակցելու տարիքային խնդիր ունի։ «Կամավորի մասնակցելու տրամաբանությունը այն է, որ պետք է ունենալ բավական ագրեսիվ պորտֆել։ Ես ուզում եմ դրանք տեսնել և անպայման մասնակցելու եմ»,- ասաց նախարարը։ Ըստ ուսումնասիրությունների՝ 40 տարեկանից բարձր տարիք ունեցողները, հետագայում բարձր կենսաթոշակ ստանալու համար, աշխատավարձից մասհանումները պետք է ծրագրեն 25%-ի սահմաններում։ «Ես պետք է ուսումնասիրեմ այդ ագրեսիվ պորտֆելները, որոնք կառաջարկվեն, և, տարիքից ելնելով, ինձ թույլ կտամ մասնակցել և անպայման կմասնակցեմ»,- ասաց Գաբրիելյանը։
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ կամավոր կենսաթոշակային համակարգին միանալու համար պետք է լինի մարդկանց որոշակի նվազագույն զանգված, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել ներդրումները։ «Ողջ աշխարհում 10-15 տարի է անցնում, մինչև կամավոր կուտակային ֆոնդեր են ձևավորվում։ Մենք ինտենսիվ աշխատել ենք մի քանի խոշոր գործատուների հետ, որպեսզի ձևավորվի այդ առաջին կամավոր ֆոնդը»,- ասաց Երիցյանը։
Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ Հայաստանում կամավոր կուտակային համակարգը գործարկվել է 2011թ. հուվարի 1-ից, սակայն ֆոնդերի առաջին կառավարիչը գրանցվել է միայն այս տարվա գարնանը։ Այս պայմաններում, օրինակ, ԿԲ-ն կամ կառավարությունը՝ որպես համակարգի մշակող և ներդրող, ու որպես գործատու, օրենքի համաձայն կարող էին աշխատակիցների համար ձեռք բերել լրացուցիչ՝ կորպորատիվ կենսաթոշակային սխեմա կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից կամ ապահովագրական ընկերություններից՝ սահմանված կենսաթոշակային սխեմաների տեսքով։
Civilnet











