Oլիգարխիան կենսունակ է ոչ այն պատճառով, որ շատ ուժեղ է, այլ այն պատճառով, որ քաղաքական ներկա ինստիտուտները շահագրգռված չեն դրա անհետացմամբ:
Հայազգի տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարաի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն աշխարհում ամենահաճախակի հիշատակվող տնտեսագետներից է: Նրա վերջին աշխատությունում՝ «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail), Հայաստանի համար կարևոր եզրահանգումներ կան: Ջեյմս Ռոբինսոնի հետ 2012 թ. հրապարակած այս աշխատությունն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել աշխարհում, թեև մինչ այսօր հայերեն թարգմանված չէ: Իր գրքի հիմնական եզրահանգումները Աճեմօղլուն ինքն է ներկայացրել հայ հանրությանը՝ հոկտեմբերի 19-ին Երևանի պետական համալսարանում ընթացող Հայկականտնտեսագիտականմիությանտարեկանգիտաժողովում (Բոստոնիցտեսաելույթի միջոցով):
Տարոն Աճեմօղլուն, մասնավորապես, ասել է. «Խնդիրը, որ Հայաստանն ունի, աշխարհագրական չէ, մշակութային չէ, աշխարհաքաղաքական չէ, այլ քաղաքական է»: Աճեմօղլուի գրքում Հայաստանի մասին հիշատակումներ չկան: Սակայն եզրահանգումներն ապացուցելու համար հեղինակները բազմաթիվ օրինակներ են բերում: Օրինակ՝ Աֆրիկայում Բոտսվանան հանդիսանում է ամենաարագ զարգացող երկրներից մեկը, թեև նույն կլիմայական ու աշխարհագրական գոտում գտնվող Զիմբաբվեն, Սիեռա Լեոնեն ու Կոնգոն աղքատության ու բռնության ճիրաններում են: Պատճառը՝ Բոտսվանան ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին, ընտրական համակարգի միջոցով ամրապնդել է կենտրոնական իշխանությունը: Կամ՝ Հյուսիսային Կորեայի բնակիչներն աշխարհում ամենաաղքատներից են, իսկ Հարավային Կորեայինը՝ ամենահարուստներից մեկը: Ինչո՞ւ. որովհետև հարավում ստեղծվել են խթաններ, որոնք խրախուսում են ինովացիան ու հնարավորություն տալիս ամբողջությամբ իրացնել տնտեսական պոտենցիալը;
Իհարկե՝ գոյություն ունի Չինաստանի խնդիրը: Այդ երկրում քաղաքական ինստիտուտները նպաստող չեն՝ սեփականության իրավունքը պատշաճ պաշտպանություն չունի, գոյություն ունի տնտեսությանը միջամտող հսկայական պետական ապարատ, մասնավոր կապիտալը չի կարողանում ներթափանցել խոշոր բիզնես: Սակայն երկիրը ամենաարագ զարգացողներից է, և մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին: Դրան նպաստել են նախորդ տասնամյակներում մասնակի բարեփոխումները գյուղում, կուլտուրական հեղափոխությունը, փոքր ու միջին բիզնեսի աջակցման պետական ծրագրերը: Սակայն, ըստ Տարոն Աճեմօղլուի, քաղաքական ներկա ինստիտուտների միջոցով Չինաստանը երկարատև հեռանկարում չի կարող ապահովել մշտական աճ, ու արդեն իսկ հիմա զգում է որոշ սահմանափակումներ:
Հայաստանի խնդիրը
«Խնդիրը քաղաքականությունը սեփական քաղաքացիների պահանջներին ավելի համահունչ դարձնելն է: Այնպես, որ քաղաքական այդ գործընթացի միջոցով Հայաստանը դադարի լինել օլիգարխիա, այլ դառնա հասարակություն, որը շատ ավելի մեծ խթաններ կապահովի իր քաղաքացիների մեծամասնության համար, որպեսզի այն կարողանա համախմբել այն նշանակալից ներուժը, որն ունի»,- հոկտեմբերի 19-ին ասել է Աճեմօղլուն: Փորձենք Հայաստանի իրավիճակը քննարկել՝ օգտվելով Աճեմօղլուի դրույթներից:
Անկախացումից հետո Հայաստանը դեռ գտնվել է Ռուսաստանի քաղաքական ազդեցության գոտում, և իր քաղաքական ինստիտուտները զարգացրել է՝ նմանակելով Ռուսաստանին (որքանով, որ դա հնարավոր է); Օլիգարխիան, այդպիսով, ներմուծված քաղաքական կատեգորիա է, այն պետք է լրացներ այն իշխանական վակումը, որն առաջացավ 90-ական թվականներին պետական ինստիտուտների տրանսֆորմացիաների շրջանում: Սակայն հայկական ու ռուսական օլիգարխիաներն ունեցան տարբեր ճյուղավորումներ: Ռուսաստանում օլիգարխիան ամրապնդվեց հումքային, ֆինանսական ու մետալուրգիական ոլորտներում, իսկ Հայաստանում առաջացավ բացառապես սպառողական օլիգարխիա (մենաշնորհների հաստատում սպառողական ապրանքների շուկայում): Գրականության մեջ սա կոչվում է նաև կոմպրադորային օլիգարխիա (comprador - «գնորդ» բառից): Այս օլիգարխիայի տնտեսական նշանակությունը հետևյալն է՝ նրանք միջնորդի դեր են փորձում խաղալ արտասահմանյան կապիտալի ու տեղական շուկաների միջև, այդ պատճառով երբեմն վայելում են արտասահմանյան խոշոր ու հեղինակավոր ընկերությունների աջակցությունը: Այս տիպի օլիգարխիան իրականում խոցելի է, քանի որ գերշահույթներ կուտակելով պարզունակ առևտրային գործարքներից, ի վիճակի չէ հասկանալու իրեն շրջապատող քաղաքական ու տնտեսական գործընթացների խորությունն ու մասշտաբը:
Իշխանության համար դժվար չէ խորտակել սպառողական օլիգարխիային, քանի որ սա բոլոր տեսակի օլիգարխիաների մեջ ամենաթույլ տեսակն է: Սակայն դա չի արվում, քանի որ օլիգարխիան կարևոր գործիք է իշխանության վերարտադրության համար: Այսինքն՝ օլիգարխիան կենսունակ է ոչ այն պատճառով, որ շատ ուժեղ է, այլ այն պատճառով, որ քաղաքական ներկա ինստիտուտները շահագրգռված չեն դրա անհետացմամբ: Այսպիսով՝ գալիս ենք Աճեմօղլուի եզրահանգմանը՝ միայն քաղաքական առաջադեմ ինստիտուտների կայացման պարագայում երկիրը կձերբազատվի օլիգարխիայի իշխանությունից ու ռեսուրսներն ավելի խելամիտ կօգտագործի:
Սամվել Ավագյան
Civilnet











