MNP-ն Հայաստանում կգործի ոչ թե 2014թ. հունվարի, այլ ապրիլի 1-ից։
Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության (MNP) ներդրումը Հայաստանում, ինչպես և ակնկալվում էր, հետաձգվեց։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անցած տարվա դեկտեմբերի 14-ի և այս տարվա հուլիսի 17-ի որոշումների համաձայն՝ MNP համակարգը պետք է գործարկվեր 2014թ. հունվարի 1-ից։ Այն հասանելի կլինի միայն հաջորդ տարվա ապրիլից։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հուլիսի 17-ի նիստին, երբ հաստատվում էր «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները», հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը վստահեցնում էր, թե ծառայության ներդրման ժամանակ վերջնաժամկետից (2014թ. հունվարի 1) շեղում չի լինի։
Նոյեմբերի 22-ին Սիվիլնեթի հարցին, թե որ փուլում է համարների տեղափոխելիության ծառայության ներդրումը, և որքանով են բջջային օպերատորները պատրաստ համակարգի գործարկմանը, «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց, որ ընկերությունները մշտապես կապի մեջ են կարգավարողի հետ։ «Համաձայն հանձնաժողովի որոշման, ծառայություն գործարկումը տեղի է ունենալու ոչ թե 2014թ. հունվարի 1-ին, այլ ապրիլի 1-ին։ Մենք ունենք հստակ ժամանակացույց և դրանով շարժվում ենք։ Աշխատանքը շատ է ու բարդ»,- նշեց Պյատախինը՝ հավելելով, թե ողջունում է ծառայության ներդրումը մինչև ապրիլի 1-ը հետաձգելու ՀԾԿՀ-ի որոշումը։ Սա օպերատորների հնարավորություն կտա ավելի լավ պատրաստվել MNP-ի ներդրմանը։
Պյատախինի խոսքով՝ ժամկետների հետաձգումը կապված է տեղափոխված հեռախոսահամարների կենտրոնացված տվյալների բազայի կառավարող օպերատորի հետ։
Այն, որ ծառայության ներդրման ժամկետը հետաձգվելու էր, պարզ էր դեռ այս ամռանը։ Ըստ ՀԾԿՀ-ի հաստատած ժամանակացույցի՝ հայաստանյան երեք օպերատորները մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը պետք է ստեղծեին ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրամ, որը և, ըստ էության, պետք է իրականացներ համակարգի ներդրումը։
Այդ հիմնադրամի ստեղծումը ձգձգվեց օբյեկտիվ՝ օրենսդրական բնույթի պատճառներով։ Ըստ ժամանակացույցի, այս կազմակերպությունը մինչև հունիսի 1-ը պետք է մշակեր տեղափոխված հեռախոսահամարների կենտրոնացված տվյալների բազայի ստեղծման մրցութային փաթեթը։ Մինչև սեպտեմբերի 1-ը պետք է տեղի ունենար մրցութային գործընթացի կազմակերպումը և մրցութային հայտերի ստացումը, իսկ մինչև հոկտեմբերի 1-ը՝ արդեն ընտրվեր բազայի մատակարարը։
MNP ծառայությունը բաժանորդների համար կլինի անվճար։ Այն կգործի մեկ պատուհանի սկզբունքով՝ ծառայությունից օգտվել ցանկացող բաժանորդը պետք է դիմի ընդունող օպերատորին։ Համարի տեղափոխման գործընթացը նախատեսվում է իրականացնել երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում, MNP ծառայությունից օգտվելու համար արգելք չէ անգամ դոնոր օպերատորի (օպերատոր, որի ցանցից համարը տեղափոխվում կամ տեղափոխվել է այլ օպերատորի ցանց) նկատմամբ բաժանորդի ունեցած պարտքը։
Համարի տեղափոխման դեպքում բաժանորդի հեռախոսահամարի հաշվի դրական մնացորդը չի փոխանցվելու ընդունող օպերատորի ցանցում բաժանորդի հաշվին։ Համարի տեղափոխման գործընթացում դոնոր օպերատորի ցանցում համարի ապաակտիվացման և ընդունող օպերատորի ցանցում համարի ակտիվացման միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի երկու ժամը։
Տեղափոխված համարին կանչի սկզբնավորում իրականացնող օպերատորը բաժանորդին տեղեկացնելու է համարի տեղափոխված լինելու մասին USSD հրահանգի միջոցով, իսկ զանգերի դեպքում՝ նաև մինչև մեկ վայրկյան տևողությամբ ազդանշանային համակարգով, ինչը բաժանորդի կողմից կարող է ապաակտիվացվել։
Civilnet











