Անցյալ շաբաթ Բրյուսելում մասնակցեցի Սոչիի օլիմպիադային նվիրված մի համաժողովի։ Փորձագետներ էին հրավիրված տարբեր երկրներից ու հատկապես Կովկասից՝ հարավային ու հյուսիսային։ Հնչեցին հետաքրքիր դիտարկումներ ու կանխատեսումներ։
«Օ, սպորտ, դու խաղաղություն ես։
Դու լավ, բարի ու բարեկամական հարաբերություններ ես ստեղծում ժողովուրդների միջև։
Դու համաձայնություն ես»։
Այս տողերը ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենի «Ձոն սպորտին» ստեղծագործությունից են՝ գրված 1912 թվականին։
Շատ ջրեր են հոսել այդ ժամանակներից։ Համաժողովի մասնակիցները բերեցին բազմաթիվ վկայություններ այն բանի, որ օլիմպիադաները միայն խաղաղասիրական լիցքեր չէ, որ պարունակում են։ Այո, հին ժամանակներում օլիմպիադաների օրերին պատերազմները դադարեցվում էին, բայց նոր ժամանակներում քիչ չեն դեպքերը, երբ ռազմական գործողություններ են սկսվել կամ վերսկսվել հենց օլիմպիադաների օրերին, կամ էլ երկրների ղեկավարները հավաքվում են օլիմպիադաների անցկացման վայրում ու նոր ռազմական դաշինքներ կնքում, կամ պայմանավորվածություն ձեռք բերում մարզական այդ իրադարձությունից անմիջապես հետո ռազմական գործողություններ սկսելու մասին։ Այսինքն՝ օլիմպիադաների անցկացման վայրը դառնում է ռազմական նախապատրաստության օջախ։ Սովորական երևույթ են դարձել նաև քաղաքական դրդապատճառներով օլիմպիադաների բոյկոտումն ու հակամարտող երկրների մարզիկների նկատմամբ փոխադարձ ոտնձգությունները։ Մի խոսքով՝ օ, սպորտ, դու քաղաքականություն ես։
Այսօրինակ զրույցներն ամենևին էլ պատահական չեն Սոչիի օլիմպիադայի նախօրեին։ Սոչին ընդամենը 200 կիլոմետր է հեռու Կաբարդինո-Բալկարիայից, որը չեչեններն անվանում են Կովկասի քնած գեղեցկուհի։ Միգուցե, իրո՛ք գեղեցկուհի, բայց, համենայն դեպս, ոչ քնած։ Վերջին ժամանակներս այստեղ շատ անհանգիստ է։ Նոր սրությամբ է բարձրացել նաև չերքեզների հարցը (Սոչիից մինչև Կարաչաևո-Չերկեսիա ընդամենը 100 կիլոմետր է)։ Համաժողովի բանախոսներից մեկը նկատեց, որ չերքեզական հարցը բռնկման երեք փուլ է ունեցել և վերջին փուլը համընկել է օլիմպիադայի նախապատրաստությանը։ Դաղստանն էլ արդեն իրեն զգում է որպես Մեծ Մերձավոր Արևելքի մաս։ Բայց սա մեդալի մի երեսն է միայն։ Ռուսաստանցիներն էլ են օտարվել Կովկասից։ Ըստ նորերս անցկացված մի սոցիոլոգիական հետազոտության՝ ռուսաստանցիների 60 տոկոսը Չեչնիան ու Դաղստանը Ռուսաստան չի համարում։
Էլ չենք խոսում Հարավային Կովկասի մասին, որը նույնպես լուրջ խնդիրներ է առաջացնում Ռուսաստանի համար։ Վրացիներն առայսօր դեռ չեն որոշել՝ մասնակցելո՞ւ են օլիմպիադային, թե՞ ոչ։ Ի դեպ, ոչ միայն նրանք։
Օլիմպիադան որպես երևույթ այս անգամ նորից առավելագույնս քաղաքականացվում է. թե՛ Ռուսաստանի կողմից և թե՛ Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսաստանի կողմից քաղաքականացվում է երկու ճակատով՝ ներքին և արտաքին։ Արտաքինն ավելի է հասկանալի: Ինչ վերաբերում է ներքինին, ապա Կրեմլի համար այն շատ լավ առիթ է Պուտինի միջազգային կշռի ու հեղինակության մասին խոսելու։ Առավել ևս, որ օլիմպիադայից բացի Վ.Վ.Պ.-ին հաջողվել է նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունք «պոկել» միջազգային մարզական կառույցներից։ Ահա թե ինչու օլիմպիադան ոչ այնքան ռուսաստանյան պրոյեկտ են համարում, որքան պուտինյան։ Օլիմպիադան նաև լավ շանս է Ռուսաստանի նկատմամբ աշխարհում լոյալություն ապահովելու համար, ասում են Կրեմլի ներկայացուցիչները՝ դժվար հասկացողներին թափանցիկ ակնարկելով, որ իրականում այն կոչված է Պուտինի նկատմամբ լոյալություն ապահովելու։
Ահա թե ինչու պուտինյան վարչակազմը փող չի խնայում։ Արդեն հիմա խոսում են ծախսվող աստղաբաշխական գումարի մասին, որը համադրելի չէ նախորդ ոչ մի օլիմպիադայի հետ։ Ընդ որում, ուշադրություն դարձրեք՝ միայն 2.5 միլիարդ հատկացվում է օլիմպիադիայի հետ կապված անվտանգությունն ապահովելու համար։ Պուտինյան վարչակարգն իրոք որ անհանգստացած ու վախեցած է։
Անվտանգությունից բացի այլ խնդիրներ էլ կան։ Ահռելի միջոցների ծախսումն անհետևանք չի անցնելու։ Վ.Վ.Պ.-ն արդեն Ռուսաստանի տարածաշրջանային առաջնորդներին հասկացնել է տվել, որ նոր տարում բյուջետային հատկացումները նվազելու են, և որ պետք է զսպել-սահմանափակել սեփական ախորժակը։ Այստեղ շատ կարևոր է լինելու Չեչնիայի երիտասարդ ու հավակնոտ ղեկավար Ռամզան Կադիրովի դիրքորոշումը։ Ինչպես համաժողովի բանախոսներից մեկը փաստեց, նրա շուրջ համախմբվում են հյուսիսկովկասյան առաջնորդները։ Կադիրովը որքան վերահսկելի, այնքան էլ անկառավարելի է։ Վերջերս նա սկսել է պաշտոններ տալ իմամներին, և սա աշխարհիկ Ռուսաստանում։ Մոսկվայի նկատմամբ Կադիրովի և հյուսիսկովկասյան առաջնորդների լոյալությունը շատ կարևոր է Կրեմլի համար, ուստի այն շռայլ վճարում է այդ լոյալության համար։ Հիմա այդ շռայլությունն այլևս չի լինի, համենայն դեպս՝ առաջիկա տարիներին։ Այստեղից էլ՝ հնարավոր անակնկալները։
Իրավիճակը պարբերաբար շիկացնում է նաև Վլադիմիր Ժիրինովսկին։ Անշուշտ, ոչ առանց Պուտինի թույլտվության։ Նա հյուսիսկովկասյան առաջնորդներին հասկանալի լեզվով բացատրում է, որ նրանք պիտի իրենց խելոք պահեն։ Այսպես, վերջերս նա հայտարարել է, որ Կովկասը պիտի փշալարերով մեկուսացնել, ավելին՝ արգելել բազմազավակությունը։ Բայց Ժիրիկն, ինչպես միշտ, կարող է չափից ավելի ոգևորվել իր այս հռետորաբանությամբ, իսկ նրա այդօրինակ նախազգուշացումներն էլ կարող են հակառակ էֆեկտը տալ։ Ռուսական հայտնի պարադոքսալ ասացվածք կա՝ որքան բարձր է պարիսպը, այնքան լավն են հարևանները։ Սակայն կա պարսպի բարձրության մի աստիճան, որից այն կողմ արդեն դու հարևաններ չունես, այլ ունես սահման կամ առաջին գիծ։ Ռուսաստանի ու Կովկասի միջև պատը հիմա հասնում է այդ բարձրությանը։
Ռուսաստանյան առաջադիմական ուժերը ևս գիտակցում են Կովկասի ու Ռուսաստանի իսլամացման վտանգը, բայց իրավիճակից ելք որոնելու նրանց մոտեցումը սկզբունքորեն տարբերվում է։ Նրանք առաջարկում են ուժեղացնել ոչ թե հյուսիսկովկասյան տարածաշրջանի առանձին առաջնորդների, այլ պետական ինստիտուտները։
Այսպես թե այնպես՝ օլիմպիադան սրելու է այս բոլոր խնդիրները։ Անակնկալներ կարող են լինել թե՛ օլիմպիադայի նախօրեին, թե՛ դրա օրերին և թե՛ հատկապես դրանից հետո։
Գեղամ Բաղդասարյան










